Մատչելիության հղումներ

18 հայաստանցի մարզիկներ կմասնակցեն 28-րդ Օլիմպիական խաղերին


Մի քանի օրից Հունաստանի մայրաքաղաքում մեկնարկող 28-րդ օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն 18 մարզիկներ, ովքեր հանդես կգան 9 մարզաձեւերում:

Աթենք մեկնող պատվիրակության անդամներին երկուշաբթի օրը ընդունել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Փոխանցելով նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարեմաղթանքները, վարչապետը նշել է, որ ամբողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, մեծ ակնկալիքներով եւ հույսերով է սպասելու մեր օլիմպիականների մրցելույթներին:

«Ձեր ամեն մի հաղթանակը, այդ առթիվ Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացումն ու օրհներգի հնչեցումը լրացուցիչ ուժ ու եռանդ, հպարտություն են հաղորդելու մեր ժողովրդին», - ասել է վարչապետ Մարգարյանը:

Հայաստանցի մարզիկները աշխարհի 203 երկրների ներկայացուցիչների հետ իրենց ուժերը կչափեն 9 մարզաձեւերում` ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, ծանրամարտ, բռնցքամարտ, հրաձգություն, թենիս, լող եւ թեթեւ ատլետիկա: Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու դեպքում Հայաստանի իշխանությունները մարզիկին պարգեւատրելու են 40 հազար, արձաթե մեդալի դեպքում` 30 հազար, բրոնզե մեդալի դեպքում` 20 հազար դոլարով: Մեդալակիր մարզիկների մարզիչները որպես պարգեւ կստանան համապատասխան գումարի կեսը:

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը ասաց, որ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորած Օլիմպիական կազմկոմիտեի օգնությամբ հայ օլիմպիականները լավագույնս են նախապատրաստվել առաջիկա խաղերին:

«Մեր պատվիրակությունը տրամադրված է շատ մարտականորեն», - ասաց Զաքարյանը: - «Իրենք զգում են այդ պատասխանատվությունը, որ երկիր են ներկայացնելու, Հայաստանն են ներկայացնելու: Կարծում եմ, որ իրենց մարզական արդյունքներն էլ գալիս են հուսադրելու մեզ, որ իրոք կարող են պայքարել մեդալների համար եւ` լավ պայքարել»:

Ինչ վերաբերում է հայ օլիմպիականների մասնակցության հետ կապված ֆինանսական ծախսերին, ապա միացյալ ուժերով այդ ծախսերը հոգացել են պետությունն ու գործարարները: Պետական բյուջեից, օրինակ, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի փոխանցմամբ, հատկացվել է 88 միլիոն դրամ:

Անցած շաբաթավերջին Դիլիջանում հայ օլիմպիականների հետ հանդիպել ու նրանց հաջողություններ է մաղթել Հայստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, ինչպես փոխանցեց այսօր վարչապետը, օլիմպիադայի օրերին կմեկնի Աթենք, ներկա կգտնվի մրցապայքարի որոշ փուլերին եւ Օլիմպիադայի փակման արարողությանը:


Արմեն Զաքարյան

(Նկարում` Ռոբերտ Քոչարյանը Դիլիջանում հանդիպում է հայ օլիմպիականների հետ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG