Մատչելիության հղումներ

«Մարս» գործարանը աշխատելու է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի կազմում


Անցյալ տարի «Գույք` պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի սեփականությունը դարձած «Մարս» գործարանը, դրա տնօրեն Ռադիկ Վանունցի տեղեկացմամբ, դարձել է Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկը:

«Այսօրվա դրությամբ «Մարս»-ը գտնվում է ռազմաարդյունաբերական մասնաճյուղով Ռուսաստանի արդյունաբերության նախարարության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հինգշաբթի օրը ասաց Վանունցը:

Տնօրենը փոխանցեց, որ ներկայումս գործարանում 3 բիզնես-պլան կա, որոնցից երկուսը ռազմական պատվեր են: «Այդ երկու բիզնես պլաններից էլ ելնելով` [գործարանը] նպատակ ունի արտադրել 3 տիպի արտադրանք, որոնցից երկուսը` բուն ռազմական նշանակության», - ասաց նա` երրորդ պատվերի մասին էլ ասելով, որ այն կապված է բարձր տեխնոլոգիաների հետ եւ իրականացվում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից մշակված ծրագրով:

Ռազմական պատվերների վերաբերյալ Ռադիկ Վանունցը փոխանցեց, որ գործարանը պայմանագիր ունի Վորոնեժի կապի ինստիտուտի հետ: Ըստ այդմ` մինչեւ տարեվերջ պետք է պատրաստ լինել արտադրանքի («ռադիոկայաններ») 5 փորձնական նմուշ, ինչից հետո, եթե ապահովվի պահանջվող որակը, «Մարս»-ը կանցնի դրանց մասսայական արտադրությանը:

Վանունցը ասաց նաեւ, որ գործարանը ծրագրեր է ներկայացրել` գալիք տարի Ռուսաստանի բյուջեից պատվերներ ստանալու համար: Նրա խոսքերով, ռուսաստանյան շուկա մտնելը այնքան էլ հեշտ չէ: Շատ բարձր է մրցակցությունը. այդ երկրում «Մարս»-ի տիպի 30 գործարան կա:

Անցյած մեկ տարվա ընթացքում, տնօրենի փոխանցմամբ, Ռուսատանը «Մարս» գործարանում կատարել է մոտ 400 հազար դոլարի ներդրում:
Մինչեւ այժմ գործարանը դեռ արտադրանք չի թողարկել:

Ռադիկ Վանունցի խոսքերով, գործարանի աշխատանքը լիարժեք դարձնելու ճանապարհին կան որոշակի խոչընդոտներ: Օրինակ` «Մարս»-ում աշխատող Հայաստանի քաղաքացիները պետք է ունենան Ռուսաստանի գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու թույլտվություն, մինչդեռ այլ երկրների քաղաքացիները այդ իրավունքը չունեն:

Հարցը, գործարանի տնօրենի փոխանցմամբ, Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են անցած ամիս Մոսկվայում` Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական այցի շրջանակներում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG