Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակի վիճակագրական ցուցանիշները հուսադրող են


Ընթացիկ տարվա առաջին կիսամյակն ամփոփող տվյալները, որ հրապարակել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, բավականին հուսադրող են, չնայած հայաստանցիների մեծամասնությունը սեփական կենասամակարդակի վրա չի զգում արձանագրված աճը:

Ամեն դեպքում, 2004 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանում միջին աշխատավարձը կազմել է 40 հազար դրամ` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով գրեթե մեկ երրորդով: Շուրջ 19 տոկոսով աճել են բնակչության դրամական եկամուտները, ինչը, Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը պայմանավորում է հիմնականում աշխատավարձի բարձրացմամբ: Գործազրկության կրճատումը 7 տոկոսով տեղի է ունեցել գերազանցապես լայն թափ ստացած շինարարության շնորհիվ:

Մյուս կողմից, 7,6 տոկոսով բարձրացել են սպառողական գները. այս տարի թանկացել են պարենային մթերքներն ու ոգելից խմիչքները: Մասնավորապես շուրջ 32 տոկոսով թանկացել է հացամթերքը, 12 տոկոսով ՝ մսամթերքը: Փոխարենը, ըստ վիճակագրական տվյալների, նվազել են շաքարավազի, ձկնամթերքի , բանջարեղենի գները:

Վիճակագրական ծառայությունը դեռեւս չունի տվյալներ, թե որքանով են այդ ցուցանիշները նպաստել աղքատության կրճատմանը: «Մենք դեռեւս չունենք աղքատության կրճատման ցուցանիշները», - ասաց Ստեփան Մնացականյանը` խոստանալով. - «Մոտ ժամանակներս կամփոփենք եւ հրապարակենք, որից պարզ կդառնա աղքատության կրճատում եղե՞լ է, թե՞ չի եղել»:

«Բայց ակնհայտ է, որ աշխատավարձի բարձրացում կա, բնակչության դրամական եկամուտների աճ կա, աճ կա նաեւ դրամական ծախսերի», - ավելացրեց Ազգային վիճակագրական ծառայության պետը:

Չկան նաեւ վիճակագրական տվյալներ, թե բնակչության որ հատվածի դրամական եկամուտներն են ավելացել կամ որքանով է սպառողական գների աճը ազդել բնակչության դրամական ծախսերի վրա: Մնացականյանի խոսքերով, դա պարզելու համար կպահանջվի անցկացնել հատուկ հետազոտություն:

Վիճակագրությունը վկայում է, որ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 9,2 տոկոս տնտեսական աճ, արտահանման ծավալները աճել են 7,2 տկոսով, արդյունաբերական արտադրանքը` 4.5, շինարարության ծավալները՝ 12 տոկոսով:

Ստեփան Մնացականյանը նորմալ է համարում, որ բնակչության մի զգալի մասը չի զգում իր կենսամակարդակի վրա տնտեսական աճի ազդեցությունը: «Որովհետեւ քանի դեռ մեր երկրում կան եկամուտների բեւեռացումներ եւ կա աղքատություն, մշտապես այդ խնդիրը լինելու է», - փաստարկեց նա: - «Որովհետեւ տնտեսական աճի արդյունքներից կամ տնտեսական վերարտադրության արդյունքներից ազատական տնտեսակարգի պայմաններում բոլորը հավասարապես չէ, որ օգտվում են եւ ընդհանրապես օգտվելու են»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG