Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հակահայկական ռազմատենչ հայտարարությունները հասել են մի մակարդակի, երբ, ինչպես չորեքշաբթի օրը մեջբերել է ադրբեջանական մամուլը, բարձրաստիճան զինվորականը հռչակում է, թե երեք տասնամյակ հետո Հայաստանը որպես անկախ պետություն գոյություն չի ունենա, իսկ այդ երկրի տարածքը կմիանա Ադրբեջանին:

«25-30 տարի հետո Հարավային Կովկասում գոյություն չի ունենա Հայաստան պետությունը», - Բաքվում լույս տեսնող «Զերկալո» թերթի մեջբերմամբ, ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Ռամիզ Մելիքովը: - «Այդ ժողովուրդը այնքան վատություն է արել իր հարեւաններին, որ իրավունք չունի ապրել տարածաշրջանում»:

«Ժամանակակից Հայաստանը կառուցվել է Ադրբեջանի պատմական հողի վրա», - ավելացրել է գնդապետը: - «Ես կարծում եմ, որ 25-30 տարի հետո այդ տարածքները կրկին կանցնեն Ադրբեջանի իրավասության տակ»:

Մելիքովի խոսքերը «Զերկալո»-ն մեջբերել է ծավալուն մի հրապարակման մեջ, որը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում «ավելի կտրուկ լինել» Ղարաբաղի հարցում, վերսկսել պատերազմը հայերի հետ եւ վերադարձնել Ղարաբաղը: Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս նման սպառնալիքներով` դժգոհելով, թե միջազգային հանրությունը չի կամենում վերջ տալ հայերի վերահսկողությանը Լեռնային Ղարաբաղում: Վերջին այդպիսի սպառնալիքը անցած շաբաթ հնչեցրել է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Զերկալո»-ն գրում է, թե Ադբեջանի զինվորականները վստահ են, որ իրենց զինված ուժերը պատրաստ են վերսկսել պատերազմական գործողությունները եւ որ «առաջիկա պատերազմը երկարատեւ չի լինի»:

«Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը այսօր այնպիսին չէ, ինչպիսին տասը տարի առաջ էր», - ասել է Մելիքովը: - «Մենք զգալիորեն գերազանցում ենք Հայաստանին ինչպես բնակչության, այնպես էլ զինծառայողների թվաքանակով: Շուտով ամբողջ աշխարհը կճանաչի, որ Հայաստանը զավթիչ երկիր է: Ուստի Հայաստանը պարտության շեմին է»:

Հայաստանի ապագայի նման մռայլ սցենարը դատապարտված է Հայաստանի իշխանությունների հեգնանքին: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին պաշտոնական Երեւանը շարունակաբար արձագանքել է, որ այդ երկիրը վաղուց վերսկսած կլիներ պատերազմը առանց որեւէ նախազգուշացման` եթե վստահ լիներ, որ կհաղթի: Ալիեւի վերջին հայտարարությունը, այդուհանդերձ, պաշտոնական Երեւանը բավական կտրուկ արձագանքեց:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցի ուժային լուծման որեւէ փորձի դեպքում հետեւանքները աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի, առաջին հերթին` Ադրբեջանի համար», - ասել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:

Տարածաշրջանային եւ միջազգային դիտորդները կարծում են, որ Ադրբեջանը հազիվ թե այժմ փորձի ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, երբ կեսճանապարհին են Կասպից ծովի նավթի արդյունահանման` Արեւմուտքի ծրագրերը: Բազմամիլիարդանոց այդ ծրագրերի հաջող իրականացումը Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների առանցքային նպատակներից է:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը անցած փետրվարին «չափազանց փոքր» էր գնահատել պատերազմական գործողությունները վերսկսելու հավանականությունը: «Ե'վ մենք, ե'ւ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] եռանախագահողները ամեն ինչ կանենք, որ դա տեղի չունենա, ու հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի», - ասել էր դեսպան Օրդուեյը:

«Զերկալո»-ն ինքն էլ մեջբերել է արեւմտյան անանուն դիվանագետի` անցած շաբաթ Բաքվում ասած խոսքերը, թե Ադրբեջանի հասարակությունը եւ բանակը պատրաստ չեն պատերազմի, եւ Արեւմուտքը լուրջ չի ընդունում երկրի իշխանությունների սպառնալիքները:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG