Մատչելիության հղումներ

Նախարարը հերքում է իր պաշտոնանկությանը վերաբերող լուրերը


Գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը երեքշաբթի օրը հերքեց մամուլում վերջին շրջանում պարբերաբար հայտնվող լուրերը, թե բուհական ընդունելության քննությունների ընթացքում երկրի նախագահի վերահսկողական ծառայության ու ընդունող հանձնաժողովների միջեւ կան հակասություններ, որոնք կարող են հանգեցնել իր պաշտոնանկությանը:

«Այդ խնդիրները վերջին ամիսներին ինչ-որ արհեստականորեն բարձրացվում են», - հայտարարեց Սերգո Երիցյանը: - «Ես կարող եմ վստահ ասել, որ ես երկար եմ աշխատելու, քանի որ այն կրթական բարեփոխումները, որ ես նախաձեռնել եմ, հիմնավորված են, եւ այդ փոփոխությունները երեւի թե կադրային փոփոխությունների պարագայում չեն կարող այնպիսի արդյունավետություն ունենալ, ինչպիսին պետք է ունենան»:

«Կոալիցիոն կառավարությունը վստահել է ինձ նախարարի պոստը, եւ այդ վստահությունը որեւէ մեկը տարակուսանքի տակ չի դրել», - շարունակեց «Օրինաց երկիր»-ին վերապահված պաշտոնը զբաղեցնող նախարարը: - «Կառավարական եւ կառավարամետ շրջանակներից այդպիսի բաներ ես չեմ լսել: Ընդհակառակը` ամենաբարձր մակարդակներում հավաստվել է, որ այն քայլերը, որոնք կատարվում են գիտության եւ կրթության նախարարության եւ մասնավորապես իմ կողմից, բավականին արդյունավետ են եւ հեռանկարային»:

Երիցյանը նաեւ հերքեց, թե ինչ-ինչ հակասություններ կամ անհամաձայնություններ կան նախագահի վերահսկողական ծառայության եւ բուհական ընդունող հանձնաժողովների միջեւ:

«Անհամաձայնություններ չկան», - հավաստիացրեց նախարարը: - «Մենք հստակեցրել ենք այն գործառույթները, որ յուրաքանչյուրը կարող է ունենալ: Ընդհակառակը` մենք բավականին համագործակցված աշխատանք ենք այս օրերին կատարում` բավականին արդյունավետ»:

Նրա խոսքերով, ինքն է անձամբ դիմել երկրի նախագահին` քննությունների ընթացքում նման աջակցության խնդրանքով: «Քանի որ տարբեր կերպ փորձում էին այս քննաշրջանը թեժ ամառ դարձնել», - փաստարկեց նախարարը: - «Դուք կարող եք վստահ լինել, որ այս տարվա թեժ ամառը հանգիստ ամառ էր: Այդպես էլ, ես կարծում եմ, մինչեւ քննությունների ավարտը պետք է լինի»:

«Օրինաց երկիր» կուսակցությունը կառավարությունում ներկայացնող մեկ այլ նախարար` մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում նույն կուսակցության ղեկավար անդամներից Թամար Պողոսյանին անցած գարնանը փոխարինած Հովիկ Հովեյանը այսօր ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու ոլորտի բազմաթիվ հիմնախնդիրները:

Նախարարը սկսեց նոր կադրային նշանակումներից. Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն է վերադարձել հանրաճանաչ դերասան Խորեն Աբրահամյանը:

«Արդեն երկու շաբաթ է ինչ Խորեն Բաբկենիչը աշխատում է Սունդուկյանի թատրոնում իբրեւ դերասան», - տեղեկացրեց նախարարը` հավելելով. - «Դա շատ ուրախալի է ե’ւ մեր, ե’ւ հանդիսատեսի համար»:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք իր շնորհիվ է հնարավոր դարձել Աբրահամյանի վերադարձը, Հովեյանը պատասխանեց. - «Իմ չխանգարելու շնորհիվ»:

Հարցադրմանը, թե արդյո՞ք նախորդ նախարարները խանգարում էին դրան, Հովեյանը հակադարձեց. - «Իմ նախորդները չէին խանգարում: Իմ նախորդները պարզապես չէին կարողանում Խորեն Աբրահամյանի հետ խոսել այնպես, ինչպես ես խոսեցի»:

Հովիկ Հովեյանի նախորդ կադրային նշանակումները մամուլում հաճախ կապվում էին նախարարի կուսակցական պատկանելության հետ: Նախարարը հերքեց դա. - «Մեր նշանակումները «Օրինաց երկիր» կուսակցության հետ առնչակցելը խիստ չափազանցված է… Եվ ընդհանրապես ինչո՞ւ եք առնչակցում «Օրինաց երկիր»-ի հետ մեր մշակութային գործունեությունը»:

Անդրադառնալով Երեւանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանի պաշտոնանկությանը, ով ի վերջո կարողացավ դատարանի միջոցով վերականգնվել իր պաշտոնում, նախարարը ասաց. - «Մենք 12 կետով դիմել էինք գլխավոր դատախազությանը` քրեական գործ հարուցելու խնդրանքով: Բարեբախտաբար, չեն արել... որովհետեւ մշակույթի մարդկանց պիտի օրենքը պաշտպանի»:

Նախարարը, այդուհանդերձ, հավելեց, որ նախարարությունը ներկայումս գերատեսչական աուդիտ է անցկացնում կրկեսում:

«Մեր նպատակն է, որ արտիստները զբաղվեն թատրոնով, կրկեսով, իսկ ֆինանսիստները զբաղվեն տնտեսությամբ», - պարզաբանեց Հովիկ Հովեյանը: - «Ինձ համար անհասկանալի է Սոս Պետրոսյանի` տնտեսությամբ զբաղվելու ձգտումը»:


Արմեն Զաքարյան եւ Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG