Մատչելիության հղումներ

Գարեգին Բ Կաթողիկոսը իր «զորակցությունն ու սրտակցությունն» է հայտնել Հռոմի Պապին


Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին երեքշաբթի օրը հանդես է եկել անցած շաբաթավերջին Իրաքում քրիստոնյաների դեմ ուղղված ահաբեկչությունը դատապարտող եւս մեկ հայտարարությամբ:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օգոստոսի 1-ին Բաղդադում քրիստոնեական եկեղեցիների դեմ կատարված ահաբեկության առիթով զորակցության եւ սրտակցության գիր է հղել Հռոմի Հովհաննես Պողոս Բ Պապին», - տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մամլո Դիվանը։

Բաղդադում եւ Մոսուլում քրիստոնեական եկեղեցիների մոտակայքում ահաբեկչական պայթյունների արդյունքում առնվազն 11 մարդ զոհվել է եւ ավելի քան 50-ը վիրավորվել են: Նշված եկեղեցիների թվում է նաեւ Վատիկանի ենթակայության տակ գնտվող Բաղդադի Հայ կաթոլիկ եկեղեցին:

«Մենք ցավում ենք, որ որոշ ծայրահեղ տարրեր փորձում են վտանգել դարավոր բարեկամությունը եւ խաղաղ գոյակցությունն Արեւելքի քրիստոնյա եւ իսլամ ժողովուրդների միջեւ, եւ Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը բնակություն հաստատի մարդկանց հոգիներում, եւ բռնությունն ու պատերազմը վերանան տարածաշրջանից եւ ողջ աշխարհից», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Հռոմի Պապին ուղղված նամակում:

«Վեհափառ Հայրապետը նմանատիպ գրություն է առաքել նաեւ Հայ Կաթոլիկ եկեղեցու Հոգեւոր Տեր Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունուն», - փոխանցում է Մամլո Դիվանը։

Շաբաթավերջի պայթյունները, որոնց պատասխանատվությունը Իրաքի ժամանակավոր կառավարությունը դնում է Ալ-Քաիդայի ահաբեկչական ցանցի վրա, դատապարտվել են ամբողջ աշխարհի կողմից: Միջին Արեւելքի քրիստոնեական եւ մահմեդական առաջնորդների պնդմամբ` ահաբեկչությունը նպատակ է հետապնդել սեպ խրել երկու կրոնական համայնքների միջեւ:

«Ոչ իսլամը, ոչ էլ քրիստոնեությունը չեն ընդունում բռնությունը որպես հիմնախնդիրներ լուծելու ուղի», - հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն` հորդորելով Իրաքի իշխանություններին ապահովել «բոլոր քաղաքացիների» անվտանգությունը:

Պաշտոնական Երեւանը նույնպես դատապարտել է ահաբեկչական պայթյունները: Ռոբերտ Քոչարյանի մամլո քարտուղարը, ինչպես հաղորդել է «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը, փոխանցել է Հայաստանի նախագահի «խորը մտահոգությունը ահաբեկչական գործողության առիթով»:


Էմիլ Դանիելյան

(Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հովհաննես Պողոս Բ Պապը` վերջինիս հայաստանյան այցելության ժամանակ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG