Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթը, զուգահեռելով ամերիկյան դրվածքի հետ, այսօր ուշադրություն է սեւեռում. - «Երբ ահաբեկչություն է տեղի ունենում մեր երկրում, քաղաքական գործիչները նախեւառաջ սկսում են պահանջել նախագահի հրաժարականը, որի ղեկավարության օրոք երկրում նման բան է տեղի ունեցել: Կամ էլ հակառակը՝ սկսում են կրծքով պաշտպանել նրան ամեն կարգի հարձակումներից: Սակայն բանը ոչ մի դեպքում չի հասնում հատուկ ծառայությունների աշխատանքները բարեփոխելու խորհրդին: Հիշենք, թե ինչ արձագանքներ եղան հոկտեմբերի 27-ին հաջորդած շրջանում՝ բացառապես քաղաքական: Դա, իհարկե, բնական է, սակայն մեղադրանքներից եւ մերկացումներից հետո էլ խնդիրը չլրջացավ. մոռացվեց ամենակարեւորը՝ այս անգամ արդեն հայաստանյան հատուկ ծառայությունների ծայրահեղ վատ աշխատանքը, ինչի պատճառով էլ տեղի ունեցավ ցինիզմով իր նախադեպը չունեցող ահաբեկչությունը: Պարզապես զարմանալի է, որ մեր երկրում ոչ ոք, այդ թվում եւ՝ սույն հարցով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովը, չկարեւորեց հենց ա՛յս խնդիրը՝ ինչպես անել, որ նման ահաբեկչությունները մեր հատուկ ծառայությունները կարողանան կանխել՝ անկախ՝ ով է կանգնած դրա ետեւում», - շրջանակում է խմբագրականը:

Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, «Առավոտ»-ի հարցազրույցում ամրագրելով, որ իրենց կուսակցությունը եղել ու մնում է Վազգեն Սարգսյանի մոտեցումների ժառանգորդը մասնավորապես Ղարաբաղի հարցում, ասում է. - «Եթե ես ինձ ուսուցչի դեր վերապահեմ, Ռոբերտ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությանը «2» կնշանակեմ։ Բավական է կարդալ Ստիվեն Մաննի հարցազրույցը (որտեղ ասվում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, եւ իրենց ավելի ընկալելի է Ադրբեջանի նախագահի մոտեցումները, քան ՀՀ նախագահինը), բավական է նայել, թե Քոչարյանի օրոք ինչ երկրներ ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Չինաստանը, Ռուսաստանը, էլ չեմ խոսում 907 որոշման հանման մասին, էլ չեմ խոսում Ղարաբաղի՝ որպես բանակցային կողմ դուրս մղման մասին։ Հիշո՞ւմ եք նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանը ինչպես բանավիճեց Ստեփան Դեմիրճյանի հետ, երբ վերջինս ասաց, թե Ղարաբաղը պետք է անպայման մասնակցի բանակցություններին՝ որպես բանակցային կողմ, քիչ մնաց Ստեփան Դեմիրճյանին միայն այդ պատճառով համարեր Ղարաբաղի թշնամի։ Իսկ այսօր ինքն է վերադառնում այն մտքին, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ», - մատնանշում է Արամ Սարգսյանը։

«Իրավունք» թերթում այսօր կրկին շեշտադրված է, որ Սահմանադրության նոր նախագծում բազմաթիվ նոր լիազորություններ են վերապահվում հանրապետության նախագահին եւ նրա պաշտոնավարման ժամկետն էլ, հավանաբար, կերկարաձգվի: Այս առումով, մեկնաբանը կապակցել է. - «Այն, որ բազմապատկվել են իշխանության ջանքերը՝ ընդդիմությանը ԱԺ վերադարձնելու, ինչ-որ տեղ կարելի է պայմանավորել նրանով, որ հենց ընդդիմության մասնակցությամբ իշխանությունը ձգտում է լեգիտիմացնել նոր նախագիծը: Մյուս կողմից, իշխանական ճամբարում ոչ մի պահ չեն դադարում ինտրիգներն ու այլեւայլ ապարատային խաղերը»: «Վաղ թե ուշ մի շարք ժողովրդականություն չվայելող նախարարների հարցին անդրադարձ կլինի, սակայն», - ենթադրում է մեկնաբանը, - «Ռոբերտ Քոչարյանը կգերադասի չխախտել կոալիցիոն հավասարակշռությունը, եւ համապատասխան կուսակցություններին պարզապես կառաջարկվի փոխել այս կամ այն նախարարին: Նման մոտեցումն անհրաժեշտ է Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի չվտանգվի խորհրդարանի կայուն աշխատանքը, եւ հարցականի տակ չդրվի սահմանադրական փոփոխությունների ընդունումը»:

Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին եւ դրա շուրջ լուրերին, արձակուրդից վերադարձած տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառույցները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը «Առավոտ»-ին ասել է. - «Ամառվա այդ շոգին, սրճարանում նստած, շատ դժվար է նույնիսկ խելքը գլխին բամբասանք մոգոնել… Ես ոչ նեղվում եմ դրանցից, ոչ էլ դժգոհում. եթե նման պարապ խոսակցությունները ավելի գեղեցիկ, ավելի հետաքրքիր են դարձնում ձեր ասած այդ «քաղաքականամերձ շրջանակների» կյանքը, ապա թող խոսեն՝ ես դեմ չեմ»: Մյուս կողմից, «Իրավունք» թերթն այսօր փոխանցում է. - «Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը այժմ «ապարատային խաղերի» միջոցով փորձում է հասնել հարկային եւ մաքսային կառույցների միավորմանը, որպեսզի հետո ինքը ստանձնի միացյալ նախարարության ղեկավարի պաշտոնը: Այդ խաղերն առաջացրել են վարչապետի վրդովմունքը, եւ անգամ չի բացառվում, որ Աբրահամյանը հեռացվի ՀՀԿ-ից»:


Վաչե Սար•սյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG