Մատչելիության հղումներ

Հայաստանյան ընդդիմության առաջնորդները երկուշաբթի օրը բացառեցին, թե կարող են որեւէ մասնակցություն ունենալ սահմանադրական փոփոխությունների քննարկմանը` պնդելով, թե նախագահ Քոչարյանի գլխավորած իշխանությունը սահմանադրական փոփոխություններ կատարելու «ռեսուրս եւ բարոյական իրավունք» չունի:

Ընդդիմադիրների պնդմամբ, ուրբաթ օրը Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կողմից ստորագրված եւ շրջանառության մեջ դրված նախագծով առաջարկվող փոփոխությունների «անօրինական» են:

«Ես ի սկզբանե չեմ մասնակցել [Ազգային ժողովի աշխատանքներին], որովհետեւ համարել եմ [այս խորհրդարանը] անօրինական», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյաը: - «Իսկ անօրինական ընտրված մարմինը չի կարող օրենսդրական գործունեությամբ զբաղվել: Նույն կարծիքին եմ նաեւ Սահմանադրության հարցում… Գործող օրենքը չհարգող մարդը նոր օրենքի փոփոխություններ անելու իրավունքը չունի»:

«Արդարություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը եւ նրան սատարող քաղաքական ուժերը բարոյական որեւէ իրավունք չունեն սահմանադրության որեւէ տարբերակ դնել հանարաքվեի, քանի որ մի անգամ ժողովուրդն արդեն մերժել է նրանց տարբերակը:

«Հիմա դնել տարբերակ հանրաքվեի ես ուղղակի համարում եմ անբարոյականություն: Չընտրված նախագահն ու կասկածելի ճանապարհով ընտրված կոալիցիան իրավունք չունեն վերաձեւել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը», - եզրափակեց Դալլաքյանը:

ՀԺԿ ղեկավար անդամ Ստեփան Զաքարյանը սահմանադրական փոփոխությունների քննարկումներին ընդդիմության մասնակցությունը կապում է իշխանությունների կոնկրետ գործողությունների հետ` «եթե ամեն ինչ քարացած չլինի եւ մեր պահանջները կատարվեն»

Առաջարկվող որոշ փոփոխությունների շուրջ կոլալիցիոն ուժերի համաձայնությանը [խորհրդարանի լիազորությունենրի ժամկետի երկարաձգում, պատգամավորական տեղերի կրճատում, Ազգայի ժողովի նախագահին ու փոխնախագահներին հետ կանչելու հնարավորության նախատեսում] վերաբերող հարցին Արամ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել` ասելով. - «Ցանկացած Սահմանադրության, որը առաջարկելու է այս իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ես դեմ եմ քվեարկելու: Որովհետեւ իրենք նման ռեսուրս ու նման բարոյական իրավունք չունեն»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG