Մատչելիության հղումներ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դատապարտում է Իրաքում կատարված բռնարարքները


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երկուշաբթի օրը դատապարտել է անցած շաբաթավերջին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով զոհվել է 11 եւ վիրավորվել ավելի քան 50 մարդ:

Ահաբեկիչների ռմբահարման թիրախ դարձած հինգ քրիստոնեական եկեղեցիների թվում է եղել նաեւ Հայ կաթոլիկ եկեցեղին: Նշելով, որ Իրաքի թեմի առաջնորդարանը եւ եկեղեցիները հարձակման չեն ենթարկվել, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր վշտակցությունն է հայտնել «բոլոր զոհերի ընտանիքներին եւ Իրաքի համայն ժողովրդին»:

«Մենք աղոթում են ենք, որ Արեւելքում հաստատված քրիստոնյա ու իսլամ ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ խաղաղ գոյակցությունը չվտանգվի նմանօրինակ դատապարտելի բռնարարքներով, խաղաղությունը վերականգնվի տարածաշրջանում եւ իրաքաբնակ ժողովուրդը ձեռնամուխ լինի իր ապահով եւ բարեկեցիկ կյանքի կերտմանը», - ասված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մամլո Դիվանի տարածած հայտարարության մեջ:

Ահաբեկչության առաջին թիրախը եղել է Հայ կաթոլիկ եկեղեցին: Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան ծիսակատարությունից հետո, երբ եկեղեցում տասնյակ մարդիկ են եղել: Ըստ Բաղդադաից ստացված հաղորդագրությունների, եկեղեցու շենքին հասցվել է շոշափելի վնաս:

Այս աննախադեպ ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը Միացյալ Նահանգները դնում են Ալ-Քաիդայի վրա, խստորեն դատապարտել են ինչպես Իրաքի ժամանակավոր կառավարությունը եւ մահմեդական առաջնորդները, այնպես էլ այլ երկրները: Վատիկանը այն անվանել է «ահավոր եւ մտահոգիչ»:

Իրաքում ապրում են մոտ 750 հազար քրիստոնյաներ, որոնցից 20-30 հազարը հայկական ծագում ունեն:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG