Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ուրբաթ օրը Ազգային ժողովի նախագահի մոտ հրավիրված քննարկումների արդյունքում ՀՀԿ, «Օրինաց երկիր», Դաշնակցություն, ՄԱԿ խմբակցությունների եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ներկայացուցիչները ստորագրեցին սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որից հետո այն մտավ պաշտոնական շրջանառության մեջ», - տեղեկացնում է «Հայոց աշխարհ»-ը: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը թերթում պարզաբանում է, որ կառավարություն ձեւավորելու սկզբունքը մնացել է նույնը. - «Սա արվեց այն նպատակով, որ կառավարության ձեւավորման սկզբունքներում ճոճանակի մեխանիզմ չդրվի, եւ այդ իրավունքը շարունակաբար չփոխանցվի նախագահից Ազգային ժողովին եւ հակառակը: Այսինքն` կառավարությունը նշանակվի կայուն սկզբունքի վրա, նախագահի կողմից»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը «Հայոց աշխարհ»-ում նախեւառաջ կարեւորում է երկքաղաքացիության արգելքը հանելու հանգամանքը: Իսկ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, հայտնելով, թե լիակատար համաձայնություն կա խորհրդարանի գործունեության ժամկետը 5 տարի դարձնելու համար, հավելում է. - «Հավանաբար, նպատակահարմար կլինի երկարացնել նաեւ նախագահի պաշտոնավարման ժամկետը մեկ կամ երկու տարով` հարաբերակցությունը չխախտելու համար»:

«Ընդհանրապես սահմանադրական գործընթացը Հայաստանում գնաց «ձախ» ճանապարհով», - նույն թերթի հարցազրույցում նշում է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: - «Շատ լավ կլիներ, որ գար մի օր, երբ Հայաստանի քաղաքական ուժերը միահամուռ աշխատեին Սահմանադրության վրա: Եվ որ ժողովրդի կողմից Սահմանադրության ընդունումից հետո բոլորը հավատարիմ մնային այդ փաստաթղթին»: Սահմանադրական բարեփոխումների քննարկումներին ընդդիմության չմասնակցելը Հրանտ Խաչատրյանը պարզաբանում է հետեւյալ կերպ. -«Ընդդիմության շահերից բխում է, որ նախագծի շուրջ լինի իրական համաձայնություն: Ոչ թե մեզ առաջարկվի կոնսենսուսով ընդունել սահմանադրական փոփոխությունները եւ Ընտրական օրենսգիրքը, բայց դա դառնա շղարշ, որպեսզի ներքաղաքական զարգացումները հետաձգվեն եւս 3-4 տարի… Նկատի ունեմ ճգնաժամի հանգուցալուծումը, որն արդեն իսկ իշխանություն – ընդդիմություն հարաբերություններից տեղափոխվել է զուտ իշխանական դաշտ»:

«Առավոտ»-ի հարցազրույցում ընդդիմադիր մեկ այլ գործիչ` Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կանխատեսում է կոալիցիայի փլուզումը. - «Կոալիցիայի կազմում լուրջ խնդիրներ են առաջացել, հատկապես՝ ավանդների վերադարձման հետ կապված: Հանձնաժողովը սեպտեմբերին պետք է իր եզրակացությունը ներկայացնի, դա հենց ներսում լուրջ բարդությունների կհանգեցնի: «Օրինաց երկիր»-ը համարվում է այն հիմնական քաղաքական ուժը, որը ժողովրդին խոստացել է վերադարձնել ավանդները: Կառավարությունն ասում է, որ ինքն այդ հնարավորությունը չունի: Հիմա, եթե «Օրինաց երկիր»-ը համակերպվի այդ իրավիճակին, ուրեմն կորցնելու է իր ողջ հեղինակությունը: Եթե չի համակերպվում՝ չեմ բացառում այնպիսի լուրջ հակասություններ առաջանան, որ սեպտեմբեր-հոկտեմբերին կոալիցիան փլուզվի եւ առաջանա նոր քաղաքական իրավիճակ»: «Ինձ համար պարզ է, թե այս իշխանության ավարտն ինչպիսին է լինելու», - շարունակում է Արամ Սարգսյանը: - «Նրանք շատ անփառունակ են հեռանալու՝ շատ ավելի ցավալի հետեւանքներ են լինելու, քան նախորդների պարագայում եղավ: Նախորդները դեռ կարողացան երաշխիքներ ստանալ այսօրվա իշխանություններից եւ կարծես թե գլուխները պրծացրին: Այժմ իշխանության կրիմինալիզացիան աներեւակայելի չափերի է հասել, ուստի ավելի բարդ վիճակներ են առաջանալու»:

Վերլուծելով ներքաղաքական անցած զարգացումները` «Առավոտ»-ի մեկնաբանը եզրակացնում է. - «Երկամյա-եռամյա ընդվզումը նորից ստացավ նախնական տեսքը, զրոյական վիճակը: Դա միաժամանակ նշանակում է, որ ընդդիմությունը սպառեց մինչ այդ եղած քաղաքական պաշարները եւ վերստին լիցքավորման կարիք ունի»: Ըստ մեկնաբանի` բազմամյա պայքարը խորքային իմաստով ոչինչ չփոխեց ո’չ քաղաքական, ո’չ սոցիալական, ո’չ էլ կառավարման ոլորտներում: Համակարգը մնաց այնպես, ինչպես կար, եթե չասենք ամրապնդվեց այնքան, ինչպես ամրապնդվում է ցանկացած իշխանություն, երբ հաջողվում է ցնցումներից հետո մնալ նախկին դիրքին: «Մի խոսքով», - ամբողջացնում է մեկնաբանը, - «Քոչարյանը պահպանեց իշխանությունը, որը արագորեն վերածվում է անսանձելի ռեժիմի»:

Հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը «Գոլոս Արմենիի» թերթի հարցազրույցում ասում է, որ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հարկային մուտքերն ավելացել են. անցյալ տարի օգոստոսի 1-ին հարկային մուտքերը կազմել էին 64 միլիարդ 395 միլիոն դրամ, այս տարի` 74 միլիարդ դրամ: Աճը կազմել է 15,2 տոկոս: «Համոզված եմ, որ ստվերային տնտեսության մասին նշվող 30 տոկոսը մոտ է իրականությանը», - ասում է նա` դրա դեմ պայքարը ցույց տալու համար բերելով հետեւյալ օրինակը. - «Անցյալ տարի հարկային խախտումների վերաբերյալ 24 քրեական գործ էր հարուցվել, այս տարվի միայն առաջին կիսամյակում` 64 քրեական գործ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG