Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, «Իրավունք» թերթի հարցազրույցում անդրադառնալով ընդդիմության` Ազգային ժողով վերադառնալու հնարավորությանը, նշում է. - «Փոխվել է քաղաքական իրավիճակը ե’ւ երկրի ներքին քաղաքական իրողությունների առումով, ե’ւ միջազգային ասպարեզի ու միջազգային հանրության առումով: Եթե բոյկոտի պահին պետությանը եւ ազգին առնչվող խնդիրներում չկար որոշակի հասունացման վիճակ, ապա այժմ այդ հասունացումը կա եւ ընդդիմությունը կարող է մեծ դերակատարություն ունենալ: Կան խնդիրներ, որոնց շուրջ պետք է միաբանվել, եւ հանուն այդ միաբանության ընդդիմությունը պետք է ձգտի վերադառնալ խորհրդարան: Արտահայտվեմ ավելի կոշտ», - շարունակում է Սահակյանը. - «Մտավախությունը «թքածը լիզելու» պարագան է: Ամենեւին էլ նման խնդիր չկա»: «Եթե ընդդիմությունը շարունակի բոյկոտը, ո՞րն է լինելու խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը» հարցին Գալուստ Սահակյանը պատասխանել է. - «Եթե նորից շարունակի, ապա իրողությունն այն է, որ աշխարհը չի քանդվի: Բնականաբար, կգործի օրենքը: Նաեւ հնարավոր է, որ ընդդիմության բոյկոտի վերաբերյալ քաղաքական դաշտում քաղաքական վճիռ կայացվի»: Անդրադառնալով ընդդիմությանը մանդատից զրկելու պարագայում եվրոպական կառույցների հնարավոր արձագանքին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասում է. - «Ազգային կամ պետական հարցերին վերաբերող խնդիրները լուծելիս չպետք է վախենալ նման գործոններից»:

«Առավոտ» թերթին հարցազրույց է տվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: «Երեք հիմնական հարցի ընդդիմությունը դեռ պիտի պատասխանի», - ասել է նա։ - «Առաջին հարցին արդեն տեսականորեն ընդդիմությունը պատասխանել է՝ ինչպիսի Հայաստանը ինչպիսի Հայաստանով է փոխելու։ Մենք ասում ենք, որ լինելու է ժողովրդավարական Հայաստան՝ ժողովրդի կողմից ձեւավորված իշխանությամբ։ Հաջորդը բավականին դժվար պատասխանվող հարց է, բայց ընդդիմությունը պիտի պատասխանի հասարակությանը՝ ում ումով է փոխարինում։ Կարծում եմ՝ ժամանակն է կոնկրետացնել, թե Քոչարյանից հետո ո՞վ է լինելու… Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի հետեւյալը՝ ներկայանալ ոչ միայն «ումով», այլեւ «ովքերով», այսինքն՝ ներկայանալ թիմով»։ Հաջորդ կարեւոր հարցը, Սարգսյանի ընդգծմամբ, ժամկետն է. - «Լուրջ խնդիր է առաջացել հենց կոալիցիայի ներսում։ Իրենք մտածում են՝ լավ, ենթադրենք աշնանն էլ ընդդիմությանը չհաջողվեց, երեք տարին շատ կարճ ժամանակ է եւ կթռչի մեկ օրվա նման, որովհետեւ իրենք խրախճանքների մեջ են։ Եվ իրենք էլ հասկանալով, որ երեք տարին շատ կարճ ժամանակ է, դրանից անհանգստացած՝ այսօրվանից «թագավորի» փնտրտուքի մեջ են»։

«Հայոց աշխարհ»-ը տեղեկացնում է, որ այսօր սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը կքննարկվի խորհրդարանում եւ պաշտոնապես կդրվի շրջանառության մեջ: Սահմանադրական փոփոխությունների նախորդ եւ ներկա հանձնաժողովներում հանրապետության նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, պարզաբանումներ տալով «Հայոց աշխարհ»-ում, նշում է. - «Ընդհանրապես սխալ է Սահմանադրության փոփոխությունները քննարկել նախագահի լիազորությունների ընդարձակման կամ նվազեցման տեսանկյունից: Հիմնական խնդիրը իշխանությունների լիազորությունների տարանջատման հարցն է, դրանց հակակշռելիության ապահովումը… Այս նախագծում նախագահ, Ազգային ժողով, կառավարություն, դատական իշխանություն փոխհարաբերությունների հավասարակշռությունը անհամեմատ շատ ավելի հստակ է: Ոչ թե ի հաշիվ նրա, որ թուլացվել է նախագահի իշխանությունը. մեր երկրում իշխանության համակարգը ուժեղ պետք է լինի: Ուղղակի կառավարության լիազորություններն են որոշակի ուժեղացվել, Ազգային ժողովինը եւ դատական իշխանությանը»:

Նույն թերթում ամփոփելով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Մելիքյանը նշում է. - «Չնայած 2004 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է մոտ 10 տոկոսի տնտեսական աճ, այդուհանդերձ, այն կարծիքին եմ, որ միանգամայն հնարավոր էր անել ավելին: Մեր չարդարացված ակնկալիքների հիմնական պատճառները երկուսն են. առաջին` հետաձգվեց Լինսի հիմնադրամի վարկային ծրագիրը… Երկրորդ պատճառը, այնուամենայնիվ, անցած ամիսների ներքաղաքական լարվածությունն է»:

Ըստ «Իրավունք»-ի վերլուծության, Ռոբերտ Քոչարյանը պարզ հասկանում է, որ հարկադրված է իրականացնել գերտերությունների պահանջած բարեփոխումները, հակառակ պարագայում կգտնվեն ձեւեր նրան այլ նախագահով փոխարինելու. - «Որպեսզի իր պաշտոնավարումը հասցնի մինչեւ 2008 թվականը, նա ուղղակի հարկադրված է երկրի բոլոր գործընթացները փորձել վերցնել իր վերահսկողության ներքո, կանխատեսելի եւ թափանցիկ խաղի կանոններ սահմանել, անգամ եթե հարկադրված լինի զոհաբերել բոլոր նրանց, ովքեր 2003 թվականին ապահովել են իր նախագահության երկրորդ ժամկետը: Արտաքին աշխարհը Ռոբերտ Քոչարյանի հետ հաշվի կնստի միայն այն դեպքում, երբ նա կդառնա իրավիճակի տերը եւ կձերբազատվի սեփական շրջապատի պատանդի կարգավիճակից», - գրում է «Իրավունք»-ի վերլուծաբանը` ավելացնելով. - «Սակայն այդ ամենը չի կարող անցնցում իրականանալ, քանզի կիսաքրեական էլիտան առանց դիմադրության իր դիրքերը չի հանձնի»:

Այսօրվա բոլոր թերթերը անդրադարձել են երեկվա ավտովթարին: «Այս ողբերգությունից ամենակարեւոր հետեւությունն արդեն այսօր կարելի է անել՝ Երեւանի քաղաքային տրանսպորտը գնալով առավել վտանգավոր է դառնում ուղեւորների կյանքի համար»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG