Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Բաղրամյան պողոտայում: Մեկ տասնյակից ավելի տուժածներից մեկը մահացել է, մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ականատեսների վկայությամբ, Բաղրամյան երկրորդ նրբանցքի հետ հատման վայրում աղբահավաք բեռնատարը բախվել է խաչմերուկում կայանած մարդատար մեքենաներին, ապա` 13 համարի երթուղային տաքսուն, որից հետո դուրս է եկել հանդիպակաց մայթ՝ հարվածելով կանգառում կանգնած մարդկանց:

«Վթարից հետո հիվանդանոց են տեղափոխվել 13 տուժածներ, որոնցից երկուսը առողջ են եղել եւ դուրս են գրվել. մեկը մահացել է, մնացած 10-ին ցուցաբերվում է տարբեր տեսակի բժշկական օգնություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանը:

Զոհվածը, ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, Բորիս Բաբլոյանն է, ով վթարի պահին եղել է դիմացի մայթին գտնվող կանգառում: Զոհվածի տարիքը Արմեն Սողոյանը դժվարացավ նշել` ասելով միայն, որ տղամարդը 60-70 տարեկանի միջկայքում է:

Վթարից մոտ 1,5 ժամ հետո քննիչներն արդեն ավարտել էին տեղազզնումը: Բեռնատարը, որը հարվածի պահին շրջվել էր, մեկ այլ բեռնատարի օգնությամբ էվակուացնում էին դեպքի վայրից:

Ականատեսների վկայությամբ, հիմնական հարվածը իրենց վրա են վերցրել կանգառում կանգնած մարդիկ, որոնց թիվն այդ պահին բավական շատ է եղել:

Ոստիկանական մարմինները շարունակում են փորձաքննությունը: Որպես վթարի պատճառ իրավապահների շրջանում առավել հավանական է դիտարկվում բեռնատարի արգելակների անսարքության վարկածը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG