Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արձագանքելով Հայաստանի գլխավոր դատախազի` վերջերս հրապարակած տվյալներին եւ պարզաբանումներին` «Գոլոս Արմենիի» թերթը այսօր անդրադառնում է արդարադատության համակարգին. - «Հասարակությունն ապրում է երկակի ստանդարտների մթնոլորտում` պատիժը գործում է միայն չունեւորների համար, իսկ իշխանություններին մոտ կանգնած անձանց համար հիմնական օրենքը անօրինականությունն է եւ անպատժելիությունը»: Համադրելով ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանին պլաստիկե դատարկ շշով հարվածած երիտասարդին 1,5 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը եւ ապրիլի 5-ին լրագրողների վրա հարձակված, նրանց տեխնիկան ջարդած անձերին տուգանելու վճիռը, «Գոլոս Արմենիի»-ին ընդգծում է. - «Երկու դեպքերի մեղքերի եւ պատժի անհամարժեքությունը ամենահամոզիչ այցեքարտն է, որ հայկական արդարադատությունը քաղաքական պատվեր է կատարում: Հասարակության մեջ արմատավորվում է գիտակցությունը, որ արդարադատությունը միայն խաղալիք է իշխանության ձեռքում»: Արձագանքելով գլխավոր դատախազի պարզաբանումներին, թե հիմա դժվար է ընտրախախտների նկատմամբ գործեր հարուցելը` «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը ընդգծում է. - «Ակնհայտ է, որ հաջորդ ընտրությունների ժամանակ կեղծիքների պակաս չի լինի… Պատվիրված սպանության եւ ընտրությունների ժամանակ թույլ տված անօրինականությունների միջեւ ջրբաժանը այնքան էլ մեծ չէ, քանզի թե’ մեկը, թե’ մյուսը հասարակությանը պաշարած կեղծ արդարադատության երկակի ստանդարտների եւ չարիքի անպատժելիության արդյունք են»:

«Սահմանադրական բարեփոխումների նախագծով նախատեսվում է ավելացնել օրենսդիր իշխանության լիազորությունների ժամկետը մինչեւ 5 տարի», - «Հայաստանի Հանրապետություն» թերթում մանրամասնում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա պարզաբանումներով` չնայած «Օրինաց երկիր» կուսակցության բողոքին, սահմանադրական բարեփոխումների նախագծում հաջողվել է ներառել այնպիսի դրույթ, որը նախատեսում է Հայաստանում մտցնել Ազգային ժողովի նախագահին եւ նրա տեղակալներին հետ կանչելու ինստիտուտը. նրանք կարող են հետ կանչվել խորհրդարանականների ձայների մեծամասնությամբ: Հայտնելով, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2005 թվականի հուլիսի 5-ին, Արմեն Ռուստամյանը նշում է. - «Հանրաքվեի անցկացման օրը պատահականորեն չի ընտրվել. Հայաստանի գործող Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին»:

«Ազգ» թերթում հրապարակված են Ադրբեջանի սոցիոլոգիական ընկերակցության եւ հայկական կողմից` Կրթության եւ հետազոտությունների ընկերակցության հարցման որոշ արդյունքներ. - «Առավել հետաքրքրական է այն հարցի պատասխանը, թե արդյոք կցանկանայի՞ն վերականգնել նախկին կապերը: Պարզվում է, որ հայաստանյան կողմի հարցվածների 74,2 տոկոսը կցանկանար, իսկ ադրբեջանցիների՝ միայն 45,8 տոկոսը: Հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ եւ համատեղ կյանքին կողմ են հայկական կողմից 97 տոկոսը, ադրբեջանական կողմից` 93.2 տոկոսը»:

«Խիստ մոդայիկ է դարձել կոռուպցիայի դեմ պայքարելու մասին խոսելը կամ գրելը: Եվ դա էլ` եվրոպական կառույցների աչքին պայքար ձեւացնելու եւ հերթական դրամաշնորհը ստանալու համար: «Մեզ շատ փող տվեք, որ մեր փող վերցնողները քչանան» հակասական բանաձեւը անօրինական եկամտի հերթական աղբյուր է դառնում չինովնիկների ոչ նոսր զանգվածի համար», - գրում է «Ազգ»-ը` հարցը դիտարկելով հետեւյալ տեսանկյունից. - «Հայկական մենթալիտետը կաշառատվությունը չի համարում խիստ բացասական երեւույթ: Եվ որքան էլ մեզ դրսից փորձեն համոզել-ապացուցել դրա վնասակարությունը, անօգուտ կլինի, քանի դեռ ինքներս չենք հանգել այդ մտքին: Կոռուպցիայի դեմ հայտարարված ամեն մի արշավ անպտուղ կմնա, քանի դեռ ինքներս չենք գիտակցել, որ կաշառք տալն ու վերցնելը գրեթե խմբակային հանցագործություն է»:

«Ահա արդեն քանի տարի է մեզանում չեն հայտնվում առաջին մեծության աստղ դառնալու ունակ քաղաքական գործիչներ։ Քաղաքական խաղաթղթերի կապուկը բազմիցս վերաբաշխվում է ու մաշվել է ծակվելու աստիճան», - բնորոշում է «Հայոց աշխարհ» թերթը:

«Եկող շաբաթվա ընթացքում Պետռեգիստրը մտադիր է դիմել դատարան քաղաքական այն 51 կուսակցությունները լուծարելու հայցով, որոնք նոր օրենքի սահմանած ժամկետում չեն վերագրանցվել», - տեղեկացնում է «Գոլոս Արմենիի»-ին: Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը թերթի թղթակցին հայտնել է, որ ներկայումս Հայաստանում գրանցված է 64 կուսակցություն. 54-ը վերագրանցվել են, մնացած 10-ը նոր ստեղծված կուսակցություններ են, որոնք գրանցվել են «Կուսակցությունների մասին» օրենքը ընդունվելուց հետո:

«Շատ լավ կլիներ, եթե անյպիսի երկիր լինեինք, որ ընդդիմությունը եւս կարողանար արձակուրդ մեկնել: Բայց, դժբախտաբար, մեր վիճակն այնպիսին է, որ երկրի մասին մտածող մարդը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: Ընդդիմությունը հանգստի չի գնացել եւ առայժմ չի էլ կարող գնալ, որովհետեւ հանգստի գնում են աշխատանքն ավարտելուց հետո», - «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը` ավելացնելով. - «Ես հանգստի կգնամ թոշակի տարիքում. երբ բոլոր գործերս ավարտած կլինեմ՝ այլեւս չեմ զբաղվի քաղաքականությամբ։ Այդ ժամանակ կզբաղվեմ նկարչությամբ եւ իմ ընտանիքով»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG