Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները «մտահոգություն» են հայտնում ԵԱՀԿ-ին քննադատող հայտարարությանը Հայաստանի միանալու կապակցությամբ


«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությանն աջակցող մի շարք հասարակական կազմակերպություններ` երեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ «տարակուսանք եւ մտահոգություն են հայտնել 2004 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում ստորագրված ԵԱՀԿ-ում գործերի իրավիճակի վերաբերյալ ԱՊՀ անդամ երկրների հայտարարությանը Հայաստանի միանալու առնչությամբ»:

«Հաճախ [ԵԱՀԿ-ն] պատշաճ հարգանքով չի վերաբերում այնպիսի հիմնարար սկզբունքների, ինչպիսին են... ներքին գործերին չմիտամտելը եւ ազգային սուվերենությունը հարգելը», - ասված է ԱՊՀ երկրների հայտարարության մեջ, որը ստորագրել են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: - «Մտահոգիչ է, որ ԵԱՀԿ-ի առաքելությունները տեղերում չեն կենտրոնանում մանդատով իրենց դրված դերակատարության վրա՝ օգնել տվյալ երկրի իշխանություններին... այլ [զբաղվում են] բացառապես մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական հաստատությունների մոնիտորինգով»:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հայտարարությանն արձագանքի որոշ ուշացումը բացատրում է սպասումով, թե «պաշտոնական մակարդակում, քաղաքական կուսակցությունների շրջանում լուրջ եւ խորը քննարկում կծավալվի փաստաթղթին Հայաստանի միանալու պատճառների, լայն միջազգային համատեքստում այդ քայլի հիմնավորվածության եւ դրա հնարավոր հետեւանքների շուրջ»: Սակայն, քանի որ հնչած մեկնաբանությունները «ավելի շուտ նմանվում էին մենախոսության, եւ որպես կանոն առնչվում էին ընդունված հայտարարության կոնյունկտուրային կողմերին», նախաձեռնությունը, հարկ համարելով հանրության ուշադրությունը հրավիրել փաստաթղթի մի շարք դրույթների վրա, հայտարարում է, թե ԱՊՀ երկրների հայտարարությանը միանալը «չի համապատասխանում Հայաստանի շահերին եւ վնասում է նրա միջազգային հեղինակությանը»:

Նախաձեռնությանն աջակցող կազմակերպություններից Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքերով, իրենք փորձել են գնահատել, թե ԱՊՀ երկրների հայտարարության հետեւում ինչպիսի «հոսանքներ կան», ինչու որոշ ԱՊՀ երկրների, ասենք, հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը, չեն միացել հայտարարությանը:

«Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հայտարարությամբ հանդես գալը մի շարք պատճառներով է պայմանավորված:

«Արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում հայտարարություններ կատարել մի կազմակերպության դեմ, որը առանցքային դեր է խաղալու եւ խաղում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, որը փորձում է ԵԱՀԿ-ի սկզբունքները իրականացնել ԱՊՀ անդամ երկրներում», - ասաց Պողոսյանը:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG