Մատչելիության հղումներ

Վրացական կողմից «մեղմացումներ կան» աբխազական երկաթգծի վերաբացման հարցում


Երեքշաբթի օրը Երեւան վերադարձավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ով երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր հարեւան Վրաստան: Ընդհանուր առմամբ, Հայաստանի վարչապետը դրական է գնահատում այցի արդյունքները: Վրաստանի ղեկավարների հետ քննարկված հարցերի առանցքն են կազմել Հայաստանին էներգետիկ պարտքի վերադարձման մեխանիզմների, աբխազական երկաթուղու վերաբացման, ինչպես նաեւ Թբիլիսի - Գյումրի – Կարս երկաթգծի հարցերը:

«Զվարթնոց» օդանավակայանում Մարգարյանը լրագրողներին ասաց, թե որոշակի առաջընթաց կա, մասնավորապես, աբխազական երկաթգծի վերաբացման հարցում:

«Վրացական կողմից մեղմացումներ կան», - ասաց վարչապետը` բացատրելով, որ Վրաստանի ղեկավարությունը հարցը այլեւս չի կապում «աբխազական խնդրի լուծման հետ», այլ ընդամենը` Գալիի շրջան հետ վերադարձած փախստականների համար ապահով, վստահելի պայմանների ստեղծման հետ, ինչը հնարավոր է Վրաստանի Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ համաձայնության դեպքում:

«Սա հսկայական մեղմացում է Աբխազիայի երկաթգիծը բացելու հարցում», - ասաց Անդրանիկ Մարգարյանը:

Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին անցած շաբաթ Երեւանում «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե աբխազական երկաթգծի բացման «մի փոքրիկ բանալի էլ Հայաստանում կա»: Այդ կապակցությամբ Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Մենք պետք է ընդամենը միջնորդ լինենք իրենց մտահղացումները, մոտեցումները ռուսական կողմին հայտնելու: Եվ երկրորդը` Աբխազիայում կա կազմակերպված հայկական համայնք. մեր հայկական համայնքի միջոցով նաեւ աջակցելու [միջոցով]»:

Թբիլիսի - Գյումրի - Կարս երկաթգծի շահագործման հարցը արծարծվել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ: «Նախագահ Սահակաշվիլու հետ խոսակցության ժամանակ, երբ խնդիրը դրվեց, նա խոսք տվեց, որ թուրքական ղեկավարության հետ օգոստոսին կայանալիք հանդիպման ժամանակ այդ հարցը կբարձրացնի եւ հետո մեզ տեղյակ կպահի, թե ինչպիսի առաջընթաց գոյություն ունի: Վրացական կողմը շահագրգռված է այդ երկաթգծի բացմամբ»:

Այցի ընթացքում Վրաստանի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանին կտրամադրի հարեւան երկրում սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը (խոսքը առաջին հերթին նավահանգիստների, հանգստյան տների, արդյունաբերական ձեռնարկությունների մասին է)` հայ գործարարներին ներկայացնելու համար:

Վրաստանի` Հայաստանին ունեցած 19 միլիոն դոլարի էներգետիկ պարտքի վերադարձման հարցում, ըստ վարչապետի, պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ-երկու ամսվա ընթացքում մշակել որոշակի մեխանիզմներ: Չի բացառվում, որ Վրաստանը այդ պարտքը մարի գույքով:

Քննարկված խնդիրների շարքում վարչապետը կարեւորում է Հայաստանից Վրաստան տեղափոխվող բեռների ապահության հարցը:
Նրա համոզմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարության համակարգում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, որոնց արդյունքում նաեւ զգալիորեն կրճատվել է ավտոտեսուչների քանակը, կնպաստեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության մեծացմանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG