Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գոլոս Արմենիի» թերթը ընդգծված ներկայացնում է, որ Մինսկի խմբի համանախագահները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Թերթը արտատպել է «Ռեգնում» գործակալության հետ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հարցազրույցը: «Ռուսաստանի կողմից համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ բոլոր երեք համանախագահները պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չեն ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Եթե այս հայտարարությունը նա արել է մեր բոլորի անունից, նշանակում է այդպիսին է բոլոր երեք համանախագահների դիրքորոշումը», - ասել է Սթիվեն Մաննը: - «Այս կապակցությամբ կարող եմ նաեւ ավելացնել, որ համանախագահները սկսել են ավելի լավ հասկանալ Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը»:

«Ես Ղարաբաղից վերադարձա բավականին հիացած, ոգեւորված», - իր տպավորությունը «Առավոտ»-ին փոխանցել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ով Ղարաբաղում հանդիպել է իր բնորոշմամբ` քաղաքական վերնախավի հետ: «Տեսել եմ, որ մարդիկ շատ հանգիստ են։ Նախ, իրենց համար ծիծաղելի է այն միտքը, թե Ղարաբաղը երկու կարգավիճակից բացի (անկախությունը եւ Հայաստանի հետ վերամիավորվելը) այլ կարգավիճակ կարող է ունենալ։ Իրենց համար անընդունելի եւ ծիծաղելի է, որ Հայաստանի որեւէ ղեկավար կարող է ինչ-որ թուղթ ստորագրել, եւ Ղարաբաղը ենթարկվի այդ թղթին՝ կապված տարածքների կամ կարգավիճակի հետ։ Իրենց համար այս հարցերը շատ հստակ են», - ասում է Վազգեն Մանուկյանը` ներկայացնելով նաեւ հետեւյալը. - «Հայաստանում գերիշխող միտքը լավ ապրելն է, իսկ Ղարաբաղում այդ լավ ապրելու հետ միասին իրենք տեսնում են հեռանկարներ»։

Սահմանադրական բարեփոխումների շուրջ կոալիցիայի ներկայացուցիչների եւ Ռոբերտ Քոչարյանի` անցած շաբաթավերջին տեղի ունեցած հանդիպման մասին «Հայոց աշխարհ»-ում պարզաբանումներ է տալիս Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: «Խորհրդարանական կուսակցությունները եւ «Ժողովրդական պատգամավոր» խումբը ավարտեցին նախնական աշխատանքները բարեփոխումների նախագծի վրա», - ասել է Թորոսյանը: - «Բնականաբար անհրաժեշտություն առաջացավ նախագահի հետ քննարկել մի քանի հարցեր, որոնց հետ կապված նոր մոտեցումներ են ձեւավորվել սահմանադրական փոփոխությունների նախորդ նախագծի համեմատությամբ, որը հանրաքվեով չընդունվեց»: Թղթակցի` «Կոնկրետ ո՞ր խնդիրների մասին է խոսքը» հարցին Տիգրան Թորոսյանը պատասխանում է. -«Մասնավորապես խոսքը վերաբերում էր երկքաղաքացիության հարցին: Երկքաղաքացիություն ստանալը չպետք է ինքնաբերաբար ստացողին տա ընտրելու եւ ընտրվելու իրավունք»:

Անդրադառնալով ամերիկահայերի դիրքորոշմանը, որոնք որոշել են պաշտպանել Ջոն Քերրիին` «Առավոտ»-ը գրում է. - «Կարծես թե, ազգային բնավորության գիծ է դառնում ընտրել ոչ թե «հանուն», այլ՝ «ընդդեմ»: Եվ միայն ամերիկահայերը չեն նման սկզբունքով ընտրում ԱՄՆ նախագահին: Մենք էլ Հայաստանի նախագահին ընտրում ենք նույն տրամաբանությամբ: 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ էլ շատերը իրենց ձայները տալիս էին ոչ թե հօգուտ Վազգեն Մանուկյանի, այլ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Նախագահական վերջին ընտրությունների ժամանակ էլ պատկերը նույնն էր… Որպես կանոն, «ի նշան բողոքի»՝ քվեարկության այս ձեւը ցավալիորեն նույն վախճանն է ունենում. շատ կարճ ժամանակում հիասթափվում են նաեւ նոր ղեկավարից, եւ ամեն բան սկսվում է նորից», - ամփոփված է «Առավոտ»-ի խմբագրականում:

«Թվում է, թե ներքաղաքական կյանքն ամբողջությամբ ուղարկված է արձակուրդ: Սակայն ներքաղաքական գործընթացները կանգ չեն առնում, ճիշտ է, նրան կրում են ավելի ու ավելի ստվերային բնույթ», - գրում է «Իրավունք»-ի մեկնաբանը, որի հայացքով` ոչ մի պահ չեն դադարում ներիշխանական խարդավանքները: Մեկնաբանի գնահատմամբ, դա օրինաչափ է, քանզի երբ ընդդիմությունը ակտիվ գործունեություն չի ծավալում, «անխուսափելիորեն ակտիվանում են ներիշխանական անձնական եւ խմբակային շահերի կրողները, քանի որ նման պարագայում այլեւս այժմեական չէ իշխանական ամբողջ ճամբարի ռեսուրսների համախմբման խնդիրը»: «Խարդավանքների ցեցը հասել է նախագահի ամենամերձավոր շրջապատին», - գրում է մեկնաբանը` ավելացնելով. - «Ըստ որոշ տեղեկությունների, լարվել են Ռոբերտ Քոչարյանի առաջին օգնական Արմեն Գեւորգյանի հարաբերությունները խորհրդական Գառնիկ Իսագուլյանի եւ ոչ միայն նրա հետ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG