Մատչելիության հղումներ

«Ռոյալ - Արմենիա»-ն «կաշառաշորթության» մեջ է մեղադրում մաքսային գերատեսչությանը


Սուրճ ներմուծող խոշորագույն հայաստանյան ընկերություններից մեկի` «Ռոյալ - Արմենիա»-ի ղեկավարները երկուշաբթի օրը հայտարարեցին, թե Կառավարության առընթեր Մաքսային կոմիտեի պաշտոնյաները իրենցից կաշառք են պահանջել` ներմուծվող ապրանքի համար ցածր մաքսային արժեք սահմանելու համար:

«Ռոյալ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Գագիկ Հակոբյանի պնդմամբ, իրենց առաջարկվել է, թե կարող են թերագնահատել ներմուծվող սուրճի գինը` ինչի արդյունքում, բնականաբար, կնվազեն մուծվող հարկերը: Փոխարենը, Հակոբյանի պնդմամբ, Մաքսային պետական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները կաշառք են պահանջել: Հակոբյանը ասաց, թե նման գործարքի վերաբերյալ խոսակցություն է ունեցել Մաքսային կոմիետի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանի եւ մաքսասակագնային վարչության պետ Սուրեն Ֆահրադյանի հետ:

«Ռոյալ Արմենիա»-ն, ըստ Գագիկ Հակոբյանի, հրաժարվել է առաջարկից, ինչի համար, որպես պատիժ, ստիպված է եղել ապրանքի ներմուծման համար վճարել 2 անգամ ավելի մեծ գումար:

Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց ներմուծած սուրճի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը մաքսային մարմինները գնահատում են 1,8 դոլար այն դեպքում, երբ կան ընկերություններ, որոնց ներմուծածը գնահատվում է 1 դոլարից էլ պակաս: Հակոբյանի խոսքերով, եթե իրենք համաձայնեին առաջացող շահույթը կիսել մաքսավորների հետ, իրենց սուրճը կգնահատվեր ընդամենը 0,5 դոլար:

«Գերադասում ենք մուծել պետբյուջե, քան թե տալ իրենց», - երկուշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեց Հակոբյանը: - «Սա է միակ խնդիրը»:

Ներմուծվող սուրճը չափազանց բարձ գնահատելու արդյունքում ընկերությունը մի քանի տասնյակ միլիոն դրամի վնաս է կրել:

«Կա շատ ավելի պարզ խնդիր` ունենք գող չինովնիկ», - որակեց «Ռոյալ Արմենիա» ընկերության իրավաբան Գեւորգ Մովսիսյանը:

Ընկերությունը փորձել է հարցը լուծել դատարանի միջոցով: Ինչպես Տնտեսական, այնպես էլ Վճռաբեկ դատարանները անօրինական են ճանաչել մաքսային մարմինների գործելաոճը` պարտավորեցնելով ուղղել թույլ տված սխալները: Սակայն մաքսային մարմիները շարունակում են բարձր մաքսային արժեք սահմանել ներմուծվող սուրճի համար: Գեւորգ Մովսիսյանի խոսքերով, անգամ դատական ակտերի կատարման հարկադիր ծառաությունն անզոր է մաքսային մարմիններին ինչ-որ բան պարտադրել:

«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների մեղադրանքները «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հերքեց Մաքսային կոմիտեի մաքսասակագնային ծառայության պետ Սուրեն Ֆահրադյանը` ասելով, թե այդ ընկերության ներկայացուցիչներ հետ մեկ տարի առաջ ինչ-որ խոսակցություն ունեցել է, բայց չի հիշում, թե ինչի մասին:

«Եթե խնդիր կա, ուրեմն ցանկացած [համապատասխան] մարմնում այդ հարցը կքննարկվի: Եթե դա զրպարտանք է, զրպարտողը կպատժվի, եթե դա իրողություն է` իրականում ով ում հետ կատարել է, դրանք կպատժվեն», - ասաց Ֆահրադյանը:

«Ռոյալ Արմենիա» խորհրդի նախագահը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նաեւ, որ եթե կոռուպցիայի դեմ պայքարելու կոչված մարմինները հետաքրքրվեն, իրենք պատրաստ են տրամադրել մաքսային մարմինների կողմից կատարված չարաշահումների վերաբերյալ համպատասախան փաստաթղթերը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG