Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանն ու կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները քննարկել են սահմանադրական փոփոխությունները


Անցած շաբաթավերջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանական կոալիցիայի կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների մի շարք առանցքային հիմնախնդիրներ:

Քննարկման մասնակիցներից «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ներկայացնելով քննարկված հարցերը, ասաց. - «Ըստ էության, քննարկվող հիմնական խնդիրներից էր պատգամավորների քանակի հիմնախնդիրը»:

Հայաստանի ապագա խորհրդարանների անդամների քանակի առումով խոսակցությունը հիմնականում կենտրոնացել է 101, 121 կամ 131 թվերի վրա: Շահգելդյանի խոսքերով, մի կողմից ցանկություն կա պատգամավորների թիվը հասցնել օպտիմալի` ընդունելով 101 պատգամավորի տարբերակը: Մյուս կողմից, ներկայիս 131 պատգամավորական մանդատների կտրուկ նվազեցումը կարող է քաղաքական ուժերի մեջ անհամաձայնությունների տեղիք տալ:

Մհեր Շահգելդյանի դիտարկմամբ՝ ե'ւ Հանրապետական կուսակցությունը, ե'ւ Դաշնակցությունը ընդունել են, որ 121-ը, որպես Սահմանադրության նոր տարբերակում արձանագրվելիք թիվ, ասպարեզում եղած փոխզիջումային ամենահարմար տարբերակն է այսօր:

Դաշնակցության ղեկավար անդամներից Արմեն Ռուստամյանը ասաց, որ իրենց հիմնական շեշտադրումը համամասնական տեղերի թիվը մեծամասնական ընտրատարածքների թվի համեմատ ավելացնելն է: Առաջարկվում է, որ 121 տեղի 80 տոկոսը ընտրվի համամասնական, 20 տոկոսը` մեծամասնական սկզբունքով, դա համարվի վերջնական ու ընտրություններից առաջ այլեւս չփոփոխվի հօգուտ մեծամասնական տեղերի, ինչպես պատահել է անցյալում:

Ինչպես Ռուստամյանը, այնպես էլ Շահգելդյանը նշեցին, թե քննարկումների սեղանին է եղել նաեւ երկքաղաքացաիության խնդիրը: Այս հարցում տարաձայնություններ գոյություն չունեն` կառավարող կոալիցիայի կուսակցությունները բոլորն էլ կողմ են սկզբունքի սահմանադրական արձանագրմանը, բայց նաեւ համարում են, որ ցանկալի իրավաբանական ձեւակերպումը գտնելու ուղղությամբ աշխատանքը դեռ առջեւում է:

«Դեռ որոշ քննարկումների կարիք կա նաեւ կառավարության ձեւավորման մեխանիզմերը սահմանելու հարցում», - ասաց Մհեր Շահգելդյանը` ավելացնելով, թե մինչ այդ հարկ կլինի ուսումնասիրել միջազգային փորձը:

«Իշխանության բաժանման, ավելի հավասարակշռման խնդիրը կա, որը ընդհանուր թերություն է Սահմանադրության», - այս առումով ասաց Ռուստամյանը` ավելացնելով մասնավորապես, որ Ազգային ժողովը պետք է հնարավորություն ունենա մասնակցել կառավարության կազմավորմանը: Նրա խոսքերով, ընդլայնման կարիք ունեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG