Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վրաստանի արտգործնախարարի այցի կապակցությամբ, «Հայոց աշխարհ» թերթում խտացված է. - «Նախագահ Սահակաշվիլու Երեւան այցելությունից հետո Վրաստանը այնպիսի հակասական ու կտրուկ քայլեր է ձեռնարկել, որ իր գրեթե բոլոր հարեւանների վրա սկսել է թողնել անկանխատեսելի գործընկերոջ տպավորություն: Վրաստանի նոր ղեկավարությունը ակնհայտորեն սկսել է գերագնահատել «վարդերի հեղափոխությունից» հետո ստացած արտաքին աջակցության չափը, ուստի փորձում է իր անմիջական խնդիրները լուծելու փոխարեն միանգամից ստանձնել տարածաշրջանային լիդերի՝ սեփական ուժերից վեր դերակատարությունը: Իսկ դա հանգեցնում է նրան, որ հաջողություններին հետեւում են ձախողումները»: Մատնանշելով ներկայումս Վրաստանում հանգուցված խնդիրները` մեկնաբանը շաղկապում է. - «Փակուղին, որի մեջ կրկին ներքաշվում է Վրաստանը, ի վերջո, փակուղի է դառնալու նաեւ Հայաստանի համար՝ թե՛ դեպի արտաքին աշխարհ տանող կոմունիկացիաների ընդլայնման ու բազմազանեցման, թե՛ Վրաստանում ապրող մեր հայրենակիցներին հուզող խնդիրները լուծելու, թե՛ եվրոպական կառույցներում մեր երկրի ինտեգրումն արագացնելու տեսանկյունից… Այժմ Հայաստանն ու Վրաստանը ստացել են միանգամից երկու հնարավորություն. ապահովել հայ-վրացական փոխգործակցության խորացմամբ շահագրգիռ ԱՄՆ-ի ու Եվրամիության տնտեսական աջակցությունը եւ բացել Վրաստանի վրայով տարածաշրջան մուտք գործելու՝ ռուսական կապիտալի ճանապարհը: Համաձայնեցված քաղաքականություն վարելու պարագայում երկու երկրները կարող են աստիճանաբար իրենց ազգային շահերին ծառայեցնել դեպի Հարավային Կովկաս տնտեսական ու քաղաքական թափանցումների այս զույգ վեկտորները, իսկ առանձին-առանձին գործելու պարագայում՝ նրանք կհայտնվեն դրանց բախման կիզակետում», - կանխատեսում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում խորհրդարանը շրջանառության մեջ կդնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այս գործընթացում հանրապետություն նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում իր հերթին շեշտադրում է. - «Գլխավոր դերը հիմա խորհրդարանական ուժերինն է: Ուստի ցանկալի կլիներ, որ բոլորն ըմբռնեն Սահմանադրության կարեւորությունը, այս փաստաթղթի արդիականացումը չպայմանավորեն իշխանության մեջ լինել-չլինելու հանգամանքով»:

«Մոտ մեկ տասնյակ հարցերի հետ կապված՝ կոալիցիոն քաղաքական ուժերը դեռեւս ընդհանուր հայտարարի չեն հանգել։ Մասնավորապես՝ երկքաղաքացիության եւ դրանից բխող ընտրել-ընտրվելու, նաեւ՝ զինծառայության հարցը, կառավարության ձեւավորման եւ այլ խնդիրներ». սրա հետ կապված «Առավոտ»-ի հարցադրմանը Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը արձագանքել է. - «Ըստ էության, դուք ճիշտ եք՝ ձեր թվարկած եւ էլի մի քանի հարցեր առայժմ քննարկվում են։ Երկքաղաքացիության հարցի վերաբերյալ այդպիսի մեծ անհամաձայնություններ չկան։ Քաղաքական բոլոր ուժերը հակված են, որ երկքաղաքացիության հարցը պետք է լուծվի։ Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ ինչպե՞ս ամրագրել, որ կարգավորվեն երկքաղաքացիություն ստացած սփյուռքահայերի ընտրել-ընտրվելու եւ զինվորական ծառայության խնդիրները»։ «Սահմանադրության նոր տարբերակում կա՞ այնպիսի կետ, որը հնարավորություն կտա Ռոբերտ Քոչարյանին նախագահի պաշտոնում վերընտրվել երրորդ անգամ» հարցին Շահգելդյանի պատասխանել է. - «Չէ, ճիշտն ասած, այդպիսի կետ չկա»:

«Վերջին շրջանում դոլարի կուրսի աննախադեպ տեմպերով անկումը վկայում է, որ պետության գլխավոր տնտեսագետները կամ սխալ կանխատեսումներ են արել, կամ էլ այսօր տարադրամի շուկայում տեղի ունեցող երեւույթներն ամենեւին էլ բնականոն գործընթացների արդյունք չեն», - ամրագրվում է այսօր «Առավոտ»-ում: - «Փորձագետները կարծում են, որ եթե ոչ բնակչության, շուկայի, ապա գոնե պետբյուջեի շահերից ելնելով պատասխանատուներն, այնուամենայնիվ, կարգավորման մեխանիզմներ կկիրառեն (հակառակ դեպքում, մի որոշակի սահմանից այն կողմ, շուկայում «պայթյուն» կլինի), եւ դոլարի կուրսը մի որոշակի ժամանակից կսկսի բարձրանալ»: Տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Ներկայիս իրավիճակը վառ օրինակ է բյուջետային եւ դրամավարկային քաղաքականության անհամապատասխանության: Կենտրոնական բանկի ծրագրով այսպիսի տատանումներ կանխատեսված չէին, այսինքն՝ առնվազն առկա է անբավարար կանխատեսման փաստը»: Տնտեսագետի մատնանշմամբ, այս իրավիճակի հիմնական պատճառներից առաջինն այն է, որ դրամի փոխարժեքը կարգավորվում է հիմնականում սուբյեկտիվորեն. - «Երկրորդ պատճառը գործընթացի վրա ԿԲ-ի չազդելու դիրքորոշմամբ է պայմանավորված: Երրորդ պատճառն էլ Ազգային ժողովին ԿԲ-ի հաշվետվության ակնհայտ անբավարարությունն է»:

Դոլար-դրամ փոխարժեքի առավել քան կտրուկ տատանումների վերաբերյալ ֆինանսաբանկային ոլորտի մի շարք փորձագետներ «Հայոց աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում միմյանցից անկախ, բայց միանշանակ նույնն են պնդել. - «Այն, ինչ այժմ կատարվում է դրամի փոխարժեքի հետ, մեկ բնորոշում ունի՝ սպեկուլյացիա։ Դրամի արժեվորման եւ դոլարի, այլ արտարժույթների արժեզրկման այս գործընթացն այլ շարժառիթներ կամ պատճառներ չունի»։ Երկրի ֆինանսական շուկայում ստեղծված նման սպեկուլյատիվ իրավիճակի, ազգային արժույթի փոխարժեքի ապակայունացման հիմնական պատասխանատուն էլ, նրանց համոզմամբ, Կենտրոնական բանկն է: «Բոլորն ընդգծում են, որ ստեղծված իրավիճակում ԿԲ-ն ուղղակի պարտավոր Է միջամտել եւ որոշակի կարգավորիչ քայլեր իրականացնել, այլ ոչ թե ձեւացնել, իբր իրենք ոչնչի չեն խառնվում», - ամփոփվում է «Հայոց աշխարհ»-ում։ - «Մանավանդ որ այդ «չխառնվելուն» գրեթե ոչ ոք չի հավատում, եւ մարդիկ ԿԲ-ի նման կեցվածքն իրավամբ բնորոշում են որպես «ջայլամի քաղաքականություն»։

«Վերջին օրերին երեւանյան հասարակությունը հերթական հարցի առջեւ է, թե ինչու որեւէ պաշտոնական ատյան չհամարձակվել տալ նրա անունը, ով մայրաքաղաքի կենտրոնում անօրինական շինհրապարակ էր բացել` ոչնչացնելով ծառերը: Ավանդույթ է` յուրայիններին չեն հանձնում», - անդրադառնում է «Գոլոս Արմենիի» թերթը: - «Իսկ անձեռնմխելիների ցուցակը Հայաստանում մեծ է: Երկրագնդի վրա քիչ են պետությունները, ուր միայն նախագահն անձամբ կարող է այդպիսի ամենազորներին մի բան ասել», - շրջագծում է մեկնաբանը: - «Ամեն ինչ նրանցն է, եւ խորհրդարանում էլ, թեեւ նրանցից շատերը ընդդիմության չափ բացակայել են, որեւէ մեկը այդ հարցը չի բարձրացնի ու անունները չի տա»: «Գոլոս Արմենիի»-ում նշվում է նաեւ, որ չնայած խոսվում է, թե նախագահի միջամտությանը շուտով կհետեւի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, բայց նրան ամենաշատը այլ աշխատանքի կարող են տեղափոխել, քանի որ «ընտրությունների ժամանակ նա անգնահատելի ծառայություններ է մատուցել նախագահին եւ Հանրապետական կուսակցությանը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG