Մատչելիության հղումներ

Հայ-վրացական հարաբերություններում չկան «լուրջ հիմնախնդիրներ»


Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին իր առաջին պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանում չորեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ` զրույցների ընթացքում շոշափելով երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանի հեռանկարներին առնչվող առանցքային խնդիրներ:

Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը, ինչպես հաղորդել է Հայաստանի արտգործնախարարությունը, նշել են եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների, մասնավորապես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ գործակցության խորացման հարցում փոխշահավետ համագործակցության առկա ներուժը:

«Տարածաշրջանի տնտեսական զարգացման հեռանկարների տեսանկյունից Օսկանյանը կարեւորեց ճանապարհների եւ տրանսպորտային միջանցքների զարգացումն ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հարավ-Հյուսիս ուղղություններով` միաժամանակ ընդգծելով, որ դրանց համաչափ զարգացման միջոցով հնարավոր կլինի Հարավային Կովկասը վերածել բանուկ խաչմերուկի: Այս առումով մտքեր փոխանակվեցին տարածաշրջանում առկա երկաթուղիների լիարժեք վերագործարկման հնարավորությունների շուրջ` մասնավորապես անդրադառնալով Կարս-Գյումրի-Թբիլիսի եւ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան երկաթգծի աբխազական հատվածի վերաբացմանը», - տեղեկացնում է արտգործնախարարության հաղորդագրությունը` ավելացնելով, որ անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանի էներգետիկ ապահովության խնդիրներին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում Սալոմե Զուրաբիշվիլին հայ-վրացական հարաբերություններում կարեւորեց այն, որ երկու երկրների միջեւ չկան «լուրջ հիմնախնդիրներ»:

«Սակայն մենք մաս ենք կազմում շատ կարեւոր մի տարածաշրջանի, որը խաչմերուկային նշանակություն ունի», - ասաց Զուրաբիշվիլին: - «Մի նոր աստիճանի հարաբերությունների փուլ ենք թեւակոխում` թեպետ դանդաղորեն, բայց հաստատակամորեն մտնելով Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրի մեջ եւ ավելի մոտենալով ՆԱՏՕ-ին»:

Վրաստանի արտործնախարարի խոսքերով, դրա արդյունքում ավելի մեծ ուշադրություն է դարձվում մեր տարածաշրջանին աշխարհի հզորների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, այլ տերությունների կողմից. - «Նրանցից յուրաքանչյուրը հիմա ավելի է շահագրգռված այս տարածաշրջանի կայունությամբ: Մեր կարծիքով, այստեղ է, որ մենք` տարածաշրջանի ժողովուրդներս, կարող ենք միասին աշխատել եւ միասին կառուցել այդ կայունությունը` գալով հարաբերությունների ավելի մերձ աստիճանի»:

Վրաստանի արտգործնախարարը հավաստիացրեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կնշանակվի Հայաստանում Վրաստանի նոր դեսպանը` ձեռնպահ մնալով նշել ապագա դեսպանի անունը:

Հարցին, թե արդյո՞ք ինքը հնարավոր համարում է, որ իրանական գազը Վրաստան տարանցվի Իրան-Հայաստան կառուցվող գազատարով, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանեց. - «Դա շատ հետաքիրքիր գաղափար կլինի Վրաստանի համար: Այդ գաղափարը կարող է քննության առնվել Վրաստանում: Մենք բաց ենք յուրաքանչյուր նոր ծրագիր քննարկելու համար»:

Օրվա ընթացքում Վրաստանի արտգործնախարարը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրում, Վրաստանի դեսպանությունում հանդիպեց վրացական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելեց Փարաջանովի թանգարան: Այցի ընթացքում ծրագրված է նաեւ Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG