Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դոլարի եւ եվրոյի կուրսն այնպիսի թափով է ընկնում, որ կարելի է համոզված պնդել, թե Հայաստանի բնակչության մեծ մասի եկամուտներին զգալի վնաս է հասցվել: Կենտրոնական բանկի ներկայացուցիչների աղոտ բացատրությունները տարադրամի կուրսի աննախադեպ անկման պատճառների մասին՝ ոչ մի պարզություն չեն մտցնում ստեղծված իրավիճակի մեջ», - արձանագրում է «Առավոտ» թերթը: - «Հակառակը՝ ամեն ինչ էլ ավելի են խճճում, քանի որ առաջացնում են իրավիճակից բխող նոր հարցեր, որոնց պատասխաններն առավել եւս անհայտ են: Մեր ինքնատիպ, նմանը չունեցող երկրում բացարձակապես չեն գործում համաշխարհային տնտեսության դասական օրենքները: Այն, ինչ տեղի է ունենում մեր ֆինանսական շուկայում, գրեթե չի ենթարկվում արտաքին ազդեցությանը: Իսկ եթե հավատանք վարկածին, թե Հայաստանում դոլարի աննախադեպ անկումը պայմանավորված է անսպասելիորեն մեր երկրի գլխին թափված դոլարի հսկայական քանակով, ապա հանելուկ է մնում, թե ինչո՞ւ դրան չի արձագանքում Հայաստանի մթերքի շուկան՝ գների իջեցմամբ: Ինչո՞ւ չեն իջնում արտասահմանից դոլարով ներմուծվող եւ այստեղ դոլարով վաճառվող ապրանքների գները: Եվ, ի վերջո, ինչո՞վ է պայմանավորված հայրենական շուկայի նման անկառավարելի, շուկայական օրենքներին չենթարկվող արձագանքը», - հարցեր է դնում «Առավոտ»-ը:

«Դրամի նման՝ չհիմնավորված արժեվորումը բացասական երեւույթ է», - «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: - «Որ այդ բացասական երեւույթն իսկապես նեգատիվ ազդեցություն է ունենում ե՛ւ տնտեսության, ե՛ւ ֆինանսական շուկայի, ե՛ւ սպասումների, ե՛ւ սպառողական պահանջարկի ու առաջարկի, ե՛ւ արտադրանքի ծավալների վրա, այս ամենը նույնպես փաստ են»: Արմեն Դարբինյանի գնահատմամբ, դրամի ներկայիս փոխարժեքն արդյունք է, այսպես կոչված, կեղծ շուկայական գործոնների եւ քաղաքականության, որը իբր որդեգրված է Հայաստանի Կենտրոնական բանկի եւ բանկային համակարգի կողմից: «Կենտրոնական բանկն այսօր կարծես որդեգրել է բացարձակապես պասիվ մի դիրք, անգամ հայտարարություններ են արվում, թե նրանք չեն ուզում ընդհանրապես խառնվել դրամի ներկայիս փոխարժեքի խնդիրներին ու դրանք ամբողջովին թողել են շուկային: Իհարկե, պետք է ամբողջապես թողնել շուկային: Բայցեւ չպետք է մոռանալ, որ այդ շուկայի մշտական մասնակիցը եղել ու մնում է Կենտրոնական բանկը», - ընդգծում է նախկին վարչապետը: - «Եթե երկրում տեղի է ունենում նման անհասկանալի գործընթաց, որը բացասական ազդեցություն է գործում տնտեսության վրա, ապա դրա պատասխանատուն նույնպես ԿԲ-ն է»: «Մեր երկրի տնտեսական ու ֆինանսական պատասխանատուներին կարծես ինչ-որ չափով քնեցրել, նիրհի մեջ է գցել վերջին, հատկապես անցյալ տարվա տնտեսական աճի տեմպը: Եվ այդ ընթացքում ասես չեն էլ նկատել, թե ինչպես է այս չափազանց լուրջ վտանգը պատել երկրի տնտեսությունը», - ասում Դարբինյանը` հարցին էլ, թե` «Տարօրինակ չէ՞, որ չնայած դրամի թռիչքային արժեվորմանը, սպառողական շուկայում մինչ այդ բարձրացած գները մնում են նույն թանկ հարթության վրա, պատասխանելով. - «Ո՛չ, դա տարօրինակ չէ: Տարօրինակ չէ, որովհետեւ դրամի այժմյան արժեվորումը բացարձակապես պայմանավորված չէ երկրի տնտեսության ուժեղացմամբ: Եվ հենց գների, այսպես կոչված, կայունությունը, ապրանքների չէժանանալու պատճառը դա է: Որովհետեւ երկրի տնտեսական գործակալները, բիզնեսը չեն հավատում դրամի այսօրվա նման պահվածքին եւ չեն տեսնում, որ դա կարող է կայուն ու տեւական լինել»:

Պաշտոնյաներից այսօր «Ազգ» թերթում բերված են Կենտրոնական բանկի ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության պետ Գայանե Մաթեւոսյանի որոշ բացատրություններ. - «Դոլարի արժեզրկման հիմնական պատճառները երեքն են: Առաջին պատճառը այս տարվա առաջին կիսամյակում արտերկրից Հայաստան մասնավոր փոխանցումների կտրուկ աճն է: Երկրորդ պատճառը արտահանման կտրուկ աճն է»: Որպես երրորդ պատճառ ԿԲ-ի վարչության պետը նշում է զբոսաշրջության ծավալների ավելացումը: «Ինչո՞ւ դրամի կայունացումը չի նպաստում ապրանքների գների իջեցմանը» հարցին էլ նա պատասխանել է, թե «փոխարժեքի տատանումների ազդեցությունն անմիջականորեն չի երեւում»:

«ԱՊՀ-ն որպես հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասին համախմբող տարածաշրջանային կազմակերպություն արդեն մոտեցել է իր զարգացման այն սահմանագծին կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, ջրբաժանին, որից հետո հետագա ծրագրերը լրջորեն չվերաիմաստավորելու պարագայում շուտով այլեւս անելիք չի ունենա», - ուրվագծում է «Հայոց աշխարհ» թերթը: - «Տեսակետ կա, որ Ռուսաստանի շուրջ ցանկացած երկրների միավորում իր խորքում պարունակում է նախկին կայսրության վերականգնման վտանգ»: Մեկնաբանի ընկալմամբ, սակայն` Ռուսաստանի նախագահ Պուտինի` ԱՊՀ-ին առնչվող վերջին ելույթը նվիրված էր ոչ թե ԱՊՀ տարածքում Ռուսաստանի մենաշնորհային դիրքի պահպանման կամ վերականգնման խնդրին, այլ հենց դրա ժխտմանը եւ այդ հիմքի վրա «... ընդհանուր խնդիրների լուծման արդյունավետ եւ գրավիչ տարբերակներ» առաջարկելուն: «Ո՞րն է ելքը, երբ, մի կողմից, վերացել է ԱՊՀ երկրներին ինտեգրացիոն գործընթացների մեջ ներքաշելու Ռուսաստանի մենաշնորհը, իսկ, մյուս կողմից, նրա ներկա հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան, օրինակ, արեւմտյան ընկերակցության կողմից վերջերս որպես «վարդերի հեղափոխության» համար «պարգեւատրում» Վրաստանին տրված 1 միլիարդ դոլարը», - գրում է մեկնաբանը` բանաձեւելով. - «Ռուսաստանը եւ ԱՊՀ պահպանման մեջ շահագրգիռ մյուս երկրները պարտավոր են ստեղծել փոխադարձ շահերի հաշվառման վրա հիմնված տնտեսաքաղաքական ինտեգրացման այնպիսի նոր մոդել, որը թույլ կտա այդ երկրներին ոչ թե հույսները դնել «վրացական մոդելի», այլ իրենց տնտեսության ռեալ ճյուղերի վերակենդանացման եւ Ռուսաստանի ընդարձակ շուկա թափանցելու արտոնյալ պայմաններ ստանալու միջոցով՝ նման գումարները սեփական քրտինքով աշխատելու հնարավորությունների վրա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG