Մատչելիության հղումներ

logo-print

Իրանում արդեն սկսվել է գազատարի շինարարությունը


Իրան – Հայաստան գազամուղի իրանական 100 կիլոմետրանոց հատվածի կառուցումը, Իրանում Հայաստանի արտակար եւ լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանի փոխանցմամբ, արդեն սկսվել է եւ պատրաստ կլինի մինչեւ 2005 թվականի գարունը:

Խոսելով գազատարի հայաստանյան հատվածի կառուցման մասին, Ղարիբջանյանը ասաց, որ արդեն հայտնի է իրանական ընկերությունը, որն իրականացնելու է շինարարությունը: Դեսպանը չնշեց ընկերության անունը` ասելով միայն, որ այն «պետական հոգածության տակ գտնվող ընկերություն է, որը հսկայական փորձ ունի էներգետիկայի բնագավառում»:

«Այդ ընկերությունը իր շինարարական եւ ֆինանսական կարողություններով շատ արագ կիրականացնի գազատարի շինարարությունը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Գեղամ Ղարիբջանյանը: - «Առաջին գազը, հույս ունեմ, որ կմտնի Հայաստան ոչ թե 2007 թվականի հունվարի 1-ին, այլ մի փոքր ավելի շուտ»:

«Գազատարի համար մի քանի առաջարկություններ կան», - անդրադառնալով շինարարության ֆինանսական կողմին, ասաց դեսպանը` ավելացնելով. - «Առաջարկությունները եւ գումարը ավելին են, քան արժե ինքը գազատարը»:

Խոսելով Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի` սեպտեմբերի առաջին կեսին սպասվող պաշտոնական այցի մասին, դեսպանը նշեց, որ այցի ընթացքում ծրագրվում է ստորագրել Քաջարանի թունելի շինարարության մասին համաձայնագիրը:

«Հենց այս օրերին ավարտին մոտեցան բանակցությունները Քաջարանի թունելի կառուցման վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ մինչեւ Խաթամիի պաշոնական այցը, որը Իրանի առաջին դեմքի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, թունելի կառուցման պայմանագիրը այդ օրերին նույնպես կստորագրվի», - ասաց Ղարիբջանյանը:

Քաջարանի թունելի կառուցումը արժենալու է ընդամենը 40 միլիոն դոլար եւ այդ գումարը, դեսպանի խոսքերով, արդեն առկա է:

Իրան - Հայաստան գազատարի կառուցումը կարելի է դիտարկել ոչ միայն որպես երկկողմ հարաբերությունների խնդիր, այլեւ` իբրեւ տարածաշրջանային հնարավոր զարգացման ազդակ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին օրերս Թեհրանում իրանական գազը Վրաստան ներմուծելու պայմանավորվածություն ձեռք բերեց: Իրանից Վրաստան գազը տեղափոխելու 3 տարբերակ կա՝ Ադրբեջանով, Թուրքիայով կամ Հայաստանով: Ղարիբջանյանը չբացառեց տարանցումը Հայաստանով:

«Այո, կան մի քանի ճանապարհներ եւ այդ ճանապարհներից եւ հնարավորություններից մեկը հենց Իրան – Հայաստան գազատարն է», - ասաց նա` ավելացնելով. - «Բայց այստեղ խնդիրը մի քանի կողմեր ունի: Ես կարծում եմ, որ քանի որ պաշտոնական այց էր եւ առաջին զրույցն էր Վրաստան գազ ներմուծելու վերաբերյալ, որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այդ ճանապարհներից քննարկվի եւ ընտրվի լավագույնը»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG