Մատչելիության հղումներ

logo-print
Երեքշաբթի օրը Երեւանի կենտրոնում գտնվող տարադրամի փոխանակման կետերում ԱՄՆ դոլարի փոխարժեքը իջել էր մինչեւ 500 դրամ: Հայաստանի Կենտրոնական բանկի պատասխանատուները որեւէ արտառոց բան այստեղ չեն տեսնում` «դոլարի արժեզրկում» ձեւակերպմանը գերադասելով «դրամի արժեվորում» ձեւակերպումը: Անկախ փորձագետները, մինչդեռ, վստահ են, թե «կատարվում են դոլարի լվացման պրոցեսներ»:

«Ամեն տարի հուլիսին նման անկում լինում է եւ այն շարունակվում է մինչեւ սեպտեմբեր, բայց այսպիսի տեմպեր երբեք չեն արձանագրվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց տարադրամի փոխանակման կետերից մեկի աշխատակիցը:

Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական շուկաներում գործառնությունների վարչության պետ Գայանե Մաթեւոսյանը փոխարժեքի նման աննախադեպ տատանումները պայմանավորում է երեք գործոններով, որոնցից առաջնայինը մասնավոր փոխանցումների ծավալի կտրուկ աճն է:

«Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մասնավոր տրանսֆերտների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է շուրջ 46 տոկոս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մաթեւոսյանը:

Մյուս երկու գործոնները, ըստ վարչության պետի, արտահանման ծավալների աճն է եւ զբոսաշրջիկների առատությունը:

Անկախ փորձագետներին, սակայն, Կենտրոնական բանկի փաստարկները չեն համոզում: «Կատարվում են դոլարի լվացման պրոցեսներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էդուարդ Աղաջանովը: - «Ոչ մի այլ օբյեկտիվ տնտեսագիտական բացատրություն չի կարելի տալ»:

Աղաջանովը ավելացրեց, որ նկատի ունի նախեւառաջ կասկածելի ծագում ունեցող արտարժույթի ներթափանցումը հայկական շուկա. - «Միայն նման լուրջ ծավալի գումարների ներմուծման պարագայում է հնարավոր այն ամենը, ինչ այսօր կատարվում է դոլարի կուրսի հետ»:

Կենտրոնական բանկը, սակայն, այս վարկածը կտրականապես հերքում է` կրկին վկայակոչելով մասնավոր փոխանցումների աճը: Վարչության պետի բերած թվերի համաձայն, օրինակ, աճել է մեկ մասնավոր փոխանցմանն ընկնող միջին գումարը, ինչը, սակայն, ըստ Գայանե Մաթեւոսյանի, փող լվանալու համար բավարար չէ:

«Այդ ցուցանիշը այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 742 դոլար` նախորդ տարվա 605-ի համեմատ: Այսինքն աճը մեկ փոխանցման համար նախորդ տարվա համեմատ կազմում է ընդամենը 140 ԱՄՆ դոլար, ինչը, մեր կարծիքով, թույլ չի տալիս ասել, թե կասկածելի գումարներ կան կամ դրանք փողի լվացման նպատակներով են իրականացվում»:

Իսկ ինչո՞վ բացատրել այն հանգամանքը, որ դոլարի գինը կտրուկ անկում է ապրում, իսկ գները շուկայում չեն իջնում, նույնիսկ դրանց աճի միտում է նկատվում: Եթե մի քանի տարի առաջ, երբ դոլարի փոխարժեքը կրկին 500 դրամ էր, իսկ մեկ լիտր բենզինը արժեր 180 դրամ, ապա այսօր, նույն փոխարժեքի պայմաններում, բենզինի մեկ լիտրը արդեն 300 դրամ է:

Աղաջանովը նման անտրամաբանական իրավիճակը որակում է «զուտ հայաստանյան ֆենոմեն»: Կենտրոնական բանկը, մինչդեռ, որեւէ զարմանալի բան այստեղ չի տեսնում` նշելով սոսկ, թե փոխարժեքի տատանումը սպառողական շուկայի գների հետ անմիջական կապ չունի:

Եվ ընդհանրապես, գների վիճակը հայաստանյան շուկայում, ըստ բանկի պատասխանատուների, այնքան էլ սարսափելի չէ:

«Գների էական աճ կամ գնային ճնշումներ մենք չենք նկատում», - ասաց Մաթեւոսյանը: - «Գնաճը առաջին վեց ամսվա տվյալներով կազմել է 4,4 տոկոս` ծրագրված 5,2 տոկոսի համեմատ, եւ այս ցուցանիշը միանգամայն համահունչ է նախորդ տարիների ցուցանիշներին այն առումով, որ կրում է նույն սեզոնայնության միտումը»:

Կենտրոնական բանկը չի կամենում կանխատեսել, թե ինչպիսին կլինի դոլարի փոխարժեքը դրամի համեմատ մի քանի օրից հետո: Իսկ անկախ փորձագետները խորհուրդ են տալիս հետեւել, թե առաջիկա օրերին իրենց ինչպես կպահեն ֆինանսական շուկայում գործող այն սուբյեկտները, որոնց շատերը համարում են այս վերջին զարգացումների հեղինակ:

«Դա կախված է որոշ կլանների, որոշ անձերի ախորժակից երեւի. թե երբ իրենք կհագենան», - ասաց Աղաջանովը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG