Մատչելիության հղումներ

logo-print

Օգոստոսի 1-ից Մեծամորի ատոմակայանը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը


Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 35 տոկոսը արտադրող Մեծամորի ատոմակայանը օգոստոսի 1-ից կդադարեցնի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 4-ը: Ամենամյա պլանային վերանորոգման աշխատանքներից բացի, այս տարի նաեւ ստուգման է ենթարկվելու միջուկային ռեակտորը, ինչ կատարվում է չորս տարին մեկ անգամ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, ստուգվելու է ռեակտորի կորպուսի մետաղի դիմացկունությունը:

Այդ ստուգումն անցկացնելու համար հայտարարվել էր միջազգային մրցույթ: Մրցույթում, որի պայմանները կազմվել էին ՄԱԳԱՏԵ-ի օժանդակությամբ, հաղթել է «Շկոդա» ընկերությունը, որն էլ սեփական սարքավորումներով իրականացնելու է ստուգման աշխատանքները:

Մինչեւ ատոմակայանի ֆինանսական կառավարումը Ռուսաստանին հանձնելը միշտ խնդիրներ էին առաջանում միջուկային վառելիքի ձեռքբերման առումով: Կուտակված պարտքերը մարվեցին «Գույք` պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում:

«Այստեղ է ռուսական կողմի դերը», - ասաց Մարկոսյանը: - «Իրենք 50 տոկոս կանխավճար արդեն կատարել են գործարանին, իսկ մենք տարվա ընթացքում այդ վճարված գումարը կվերադարձնենք»:

Եվրամիության «Տասիս-2000» ծրագրի շրջանակներում Մեծամորի ատոմակայանի անվտանգությունը ուժեղացնելու համար 12 միլիոն դոլար է հատկացվել: Արդեն անցել են մրցույթները, այժմ ճշգրտվում են նախագծերը:

«Այս տարի բացի պլանային վերանորոգման աշխատանքներից, երկու խոշոր անվտանգության միջոցառումներ ենք ներդնելու», - տեղեկացրեց Մարկոսյանը: - «Ամերիկայի օգնության հաշվին փոխարինելու ենք բլոկի ինֆորմացիոն հաշվիչ մեքենան: Դա մեկ միլիոն դոլարից ավելի արժեք ունի: Եվ «Տասիս» ծրագրով յուղային անջատիչները փոխարինելու ենք գազային անջատիչներով»:

Եվրամիություն – Հայաստան համաձայնագրով արդեն այս տարի Մեծամորի ատոմակայանը պետք է փակվեր: Եվրամիությունը պատրաստ է այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծման համար տրամադրել 100 միլիոն դոլար: Հայաստանի կառավարությունը պնդում է, որ համարժեք հզորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է շատ ավելի մեծ գումար:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG