Մատչելիության հղումներ

Հարցումը ցույց է տվել, որ հայաստանցիները թերահավատությամբ են վերաբերում սրընթաց տնտեսական զարգացման հնարավորությանը


Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքներով, հարցված 1127 հայաստանցիների 40 տոկոսի կարծիքով, Հայաստանը բարեկեցիկ պետություն կդառնա առնվազն 100 տարում:

Երեւանի եւ բոլոր մարզերի բնակիչների շրջանում անցկացված հեռախոսային հարցման մասնակիցների 30 տոկոսը բարեկեցության հասնելու ժամկետ է նշել 25 տարին, 20 տոկոսը` 10 տարին: Հարցվածներից ամենահոռետեսները առհասարակ չեն հավատում, թե Հայաստանը երբեւէ կարող է բարեկեցիկ երկիր դառնալ:

Ուրբաթ օրը Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնում ներկայացնելով հարցման տվյալները, կենտրոնի փորձագետները շեշտեցին, որ իրենց նախեւառաջ հետաքրքրել է, թե ինչպես է ազդում երկրում արձանագրվող տնտեսական աճը հասարակ մարդկանց վրա: Կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը չի կասկածում, որ տնտեսական աճ կա:

«Այդպիսի աճ կա: Այլ հարց է, թե ինչքանով է այդ աճը համապատասխանում այն թվերին, որ տալիս է Վիճպետկոմը», - ասաց նա: - «Ուստի մեր նպատակը ճշտելն էր, թե ինչքանով է այդ աճը ազդել մարդկանց ընտանեկան բյուջեի վրա»:

Հարցմամբ ընդգրկված հայաստանցիների 55 տոկոսը երկրում արձանագրված տնտեսական աճի որեւէ դրական ազդեցություն չի զգացել ընդհանրապես: Եվս 36 տոկոսը տեսնում է սոսկ աննշան դրական տեղաշարժ: Հարցվածների միայն 7,5 տոկոսն է նշել է, թե տնտեսական աճի ազդեցությունն իրենց ընտանեկան բյուջեի վրա իրոք շատ մեծ է:

Հարցաթերթիկում տեղ գտած հարցերից մեկին` «Եթե վերջին 3-4 տարիներին ձեր ընտանեկան բյուջեն ավելացել է, ապա առաջին հերթին ինչի՞ շնորհիվ», հարցվածների 45 տոկոսը պատասխանել է, թե իրենց ընտանեկան բյուջեն վերջին տարիներին չի աճել:14 տոկոսի ունեցած ֆինանսական միջոցների աճը արտասահմանից ուղարկված գումարների հաշվին է: Հարցվածների 18 տոկոսը որպես ֆինանսական միջոցների ավելացման աղբյուր նշել է աշխատանքը Հայաստանում: Եվ միայն 4,2 տոկոսն է համոզված, որ իրենց ֆինանսական բարվոք վիճակը Հայաստանի ընդհանուր տնտեսական վիճակի բարելավման եւ կենսամակարդակի աճի արդյունք է:

«Նպաստո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունների որդեգրած տնտեսական քաղաքականությունը ձեռներեցության զարգացմանը եւ ներդրումների աճին» հարցին դրական պատասխան են տվել հարցվածների 22,8 տոկոսը, բացասական` 48,4 տոկոսը:

Հարցման կազմակերպիչները նաեւ փորձել են պարզել, թե որն է երկրի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտը:

«32,9 տոկոսը հիմնական խոչընդոտ է համարում կոռուպցիան եւ հովանավորչությունը: 19,5 տոկոսը նշել է կլանային համակարգը: Հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտը հիմնական խոչընդոտ է համարել 16,5 տոկոսը», - ասաց փորձագետ Ստեփան Սաֆարյանը:

Հարցվածների 22 տոկոսը որպես տնտեսական զարգացման խոչընդոտների հաղթահարման առաջնային պայման նշել են արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների վերագործարկումը, 16,5 տոկոսը` մանր ու միջին ձեռներեցության խթանումը: Ամենամեծ խումբը՝ 26 տոկոսը, կազմում են հարցվածներից նրանք, ովքեր համոզված են՝ ճգնաժամի հաղթահարման գլխավոր նախապայմանը իշխանափոխությունն է:

Շարքային հայաստանցիների 54 տոկոսը համարում է, ըստ հարցման արդյունքների, որ Ռուսաստանն է Հայաստանի տնտեսության զարգացմանը ամենաշատը նպաստող երկիրը: Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներ են. այս երկիրը Հայաստանի համար շահեկան տնտեսական գործընկեր են ընկալում հարցվածների 12 տոկոսը:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG