Մատչելիության հղումներ

Յանեշ Պոտոչնիկ. «Հարավային Կովկասը Եվրոպայում ապագա ունի, բայց պետք է համբերությամբ զինվի»


«Ազատություն» ռադիոկայանի բրյուսելյան թղթակցի հետ հարցազրույցում Եվրահանձնաժողովի կրտսեր հանձնակատար, սլովենացի Յանեշ Պոտոչնիկը, նշելով, որ Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրին անդամակցությունը ոչ միայն չի երաշխավորում, այլեւ նկատի էլ չունի անդամակցություն Եվրամիությանը, ասել է, թե Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը արտահայտել են իրենց հետաքրքրությունը հետագայում այդ կառույցին անդամակցելու նկատմամբ:

Ավելին, Եվրամիության ներկայացուցիչը նրանց որոշակի հույսերի առիթ է տալիս. - «Կարծում եմ, հեշտ է տեսնել, որ այդ երկրները յուրահատուկ խաչուղու առջեւ են: Աշխարհագրական տեսանկյունից, պատմական տեսանկյունից, մշակութային տեսանկյունից, ես կարծում եմ, նրանք եվրոպական արմատներ ունեն: Ուստի պատասխանն այստեղ հավանաբար դրական պետք է լինի»:

«Եվրոպական արմատների» հիշատակումը Պոտոչնիկի կողմից կարեւոր է: Ըստ Եվրամիության գործող պայմանագրի` եվրոպական որեւէ երկրի անդակցությունը չի կարող մերժվել: Այդուհանդերձ, նա նախազգուշացնում է, որ, դա դանդաղ ու անորոշ գործընթաց է լինելու:

«Հարկավոր է գիտակցել, որ Եվրոպայում տեղի ունեցողը շատ բարդ գործընթաց է: Մի կողմից, ընդլայնման համար անհրաժեշտ է Եվրամիության անդամ բոլոր երկրների համաձայնությունը: Մյուս կողմից, մենք տեսնում, ուսումնասիրում ենք այլ երկրների ձգտումները: Այնպես որ, դա մեկ մեծ քայլով արվելիք չէ: Դա ակնհայտորեն փուլ առ փուլ գործընթաց է, եւ շատ դժվար է կանխատեսել [այս պահին], թե ինչ կստացվի»:

Ուստի Հարավային Կովկասի երկրները պետք է համբերությամբ զինվեն: Դրանք ընդգրկումը «Նոր հարեւանություն» ծրագրում ինքնին հաղթանակ է: Պոտոչնիկը խորհուրդ է տալիս առավելագույն չափով օգտագործել ընձեռված հնարավորությունը:

«Այս փուլում Եվրամիությունը չի կարող առաջարկել անդամակցությանն առնչվող բանակցություններ: Բայց հարեւանության քաղաքականությունը իրապես մեծ առաջընթաց քայլ է. տնտեսական առումով ընդլայնված համագործակցության եւ խորացող ինտեգրացմանն ուղղված քայլ: Նշված երկրներին առաջարկվում է օժանդակություն այն բարեփոխումների գործում, որոնք նրանք ամեն դեպքում պետք է իրականացնեն», - ասաց նա:

Պոտոչնիկի խոսքերով, Բրյուսելը Հարավային Կովկասը որպես մեկ ամբողջություն չի դիտում, եւ երեք երկրների հեռանկարները պետք է դիտարկվեն առանձին-առանձին: Նա բերեց Սլովենիայի օրինակը, որը նախկին Հարավսլավիայից անջատված երկրներից առաջին եւ առայժմ միակ Եվրամիության անդամն է: Նույն ձեւով, ըստ նրա, Բրյուսելը դիտարկելու է Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը` ըստ նրանց կարողությունների:

«Կարծում եմ, մի կողմից, կարեւոր է, որ մենք խրախուսենք համագործակցությունը տարածաշրջանում: Բայց մյուս կողմից, կարեւոր է նաեւ, որ մենք նրանց հնարավորություն տանք առաջ շարժվել ըստ իրենց նախապատրաստվածության, [արտաքին] պատրաստակամության, ըստ նրա, թե որքանով են պատրաստ համագործակցել եւ տնտեսապես ինտեգրվել Եվրամիությանը», - ասաց Պոտոչնիկը:

Նա հրաժարվեց դասակարգել Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը ըստ զարգացման աստիճանի` ասելով սոսկ, որ երեք երկրներն էլ պետք է «մեծ» ջանքեր գործադրեն Եվրամիության քաղաքական եւ տնտեսական չափանիշերին հասնելու համար:

Եվրահանձնաժողովը արդեն սկսել է աշխատանքը տարածաշրջանում հիմնական մտահոգությունները վերհանելու, ինչպես նաեւ առաջընթաց շարժման առաջարկությունների ուղղությամբ:

ՎՐԱՍՏԱՆ

Վրաստանը դիտարկվում է որպես հստակ առաջատար: Պոտոչնիկը, այդուհանդերձ, ասել է, թե Եվրամիության համար նշանակություն կունենան գործնական, էական արդյունքները:

«Անշուշտ, ձեռնարկվել են հաջող քայլեր: Մյուս կողմից, սակայն, հստակ է նաեւ, որ բարեփոխումների գործընթացը կարիք ունի համախմբման եւ հետագա զարգազման: «Վարդերի հեղափոխությունը» իրոք առաջընթաց քայլ էր, ես կարծում եմ, որ Վրաստանը հզոր, բավական կարեւոր ներուժ ունի ապագայի համար: Բայց, ինչպես արդեն ասել եմ, այդ ներուժը պետք է կիրառվի գործնականում»:

Եվրամիությունը Վրաստանին տրամադրված նախնական օգնությունը կենտրոնացրել է իրավական ոլորտի բարեփոխումների, ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վրա:

Հարավային Օսիայի հարցի լուծումը Վրաստանի նոր իշխանությունների կողմից դիտվում է որպես վճռորոշ քննություն: Պոտոչնիկի խոսքերով, Եվրամիությունը խաղաղ հանգուցալուծման կողմնակից է, եւ ցանկացած այլ մոտեցում կվտանգի Եվրամիությանը երկրի ինտեգրման ծրագրերը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Վերջին ժամանակներում Եվրամիության մի քանի առաքելություններ են եղել Վրաստանում: Բացի այդ, դոնորների համաժողովի արդյունքում երկրին խոստացվել է մեկ միլիարդ դոլարի աջակցություն: Միաժամանակ, Պոտոչնիկը ասաց, թե չի կարծում, որ կառույցը անուշադրության է մատնում հարեւան Հայաստանը` չնայած վերջինիս քաղաքական համակարգում «քաջալերող գործընթացների» բացակայությանը. - «Հայաստանում մենք տեսանք, որ բավական լուրջ լարվածություն կա իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, որը հրաժարվում է որեւէ կերպ համագործակցել իշխանությունների հետ: Ես համոզված եմ, որ նման համագործակցությունը կարեւոր է: Ժողովրդավարություն այստեղ համեմատաբար թույլ է: Իշխանությունները պետք է համագործակցեն նաեւ ընդդիմության հետ եւ ես համոզված եմ, որ դա շատ կարեւոր է ժողովրդավարության համար»:

Պոտոչնիկը ասաց, որ Եվրամիությունը շարունակում է քննադատաբար վերաբերել 2003 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ դրանց հետեւած ընդդիմության բողոքի ցույցերը ճնշելուն:

Միաժամանակ Եվրամիությունը 120 միլիոն դոլար է առաջարկել Հայաստանին Մեծամորի ատոմակայանը փակելու եւ էներգիայի այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար: Հավելումն` Եվրամիությունը առաջարկել է կազմակերպել դոնորների համաժողով եւ որոնել միջազգային ներդրողներ այդ ծրագրին օժանդակելու համար:

Պոտոչնիկի խոսքերով, Բրյուսելն ու Երեւանը համաձայնել էր, որ Մեծամորը անվտանգության նկատառուներով պետք է փակվի, սակայն դրա համար ավելի մեծ գումար է անհրաժեշտ:


ԱԴՐԲԵՋԱՆ

Պոտոչնիկի խոսքերով, Ադրբեջանը կիսում է Հարավային Կովկասում իր հարեւանների նպատակներից ու արժեքներից շատերը, բայց երկրի զարգացմանը շարունակում է խանգարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջերս կայացած բրյուսելյան այցից հետո Եվրամիության դիվանագետները «Ազատություն» ռադիոկայանին ասել էին, թե տպավորված են նրա դինամիզմով: Այդուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի հարցում, տեսանելի առաջընթաց, կարծես թե, չկա:

Պոտոչնիկը վերահաստատեց, որ Եվրամիությունը չի ստանձնելու հակամարտության կարգավորման միջնորդի դերը` նախընտրելով այն թողնել ԵԱՀԿ հովանու ներքո գործող Մինսկի խմբին:


Ահթո Լոբյակաս, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG