Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի փոխանցմամբ, հայաստանյան միացյալ ընդդիմությունը արդեն ակտիվորեն պատրաստվում է վերսկսել իշխանափոխությանը հետամուտ իրենց պայքարը գալիք աշնանը:

«Ընդդիմությունը հիմա կատարում է մի աշխատանք, որի ընդհանուր իմաստն այն է, որ մինչեւ աշուն հասնելը քաղաքական իրավիճակը արդեն լինի պատրաստ եւ ոչ թե աշնանը նոր սկսենք վիճակը ակտիվացնել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին վարչապետը:

Ընդդիմադիր գործչի խոսքերով, կլինեն բազմաթիվ բովանդակային փոփոխություններ. իրենք փորձելու են ընդլայնել ընդդիմադիր դաշտը, համաժողովրդական դարձնել պայքարը, ներգրավել հասարակական կազմակերպություններ: Աշնանային հանրահավաքներում, բացի «Ռոբերտ, հեռացի'ր» կոչից, կանդրադառնան երկրի ապագային, առաջարկվող փոփոխություններին վերաբերող հարցերի:

Արամ Սարգսյանը ասաց նաեւ, որ համոզված է, որ մինչեւ աշուն անպայման կլինեն քաղաքական վերադասավորումներ, քանի որ երկրի իրավիճակից դժգոհ են գրեթե բոլորը:

«Եվ չկա Հայաստանում որեւէ պաշտոնյա` սկսած Սերժ Սարգսյանից վերջացրած Արթուր Բաղդասարյանով, որ Ռոբերտ Քոչարյանին փոխելու իր սխեման չունենա», - ավելացրեց Արամ Սարգսյանը: - «Դա այդպես է մի պարզ պատճառով, որ բոլորը հասկացել են. հաջորդ նախագահը լինելու է նա, ով փոխելու է Ռոբերտ Քոչարյանին»:

Անդրադառնալով մարտի 30-ին «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների եւ նրա համակիրների դեմ հարուցված քրեական գործին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը համոզմունք հայտնեց, որ գործը չի կարճվելու:

«Որովհետեւ իրենք էլ վստահ համոզված են, որ ընդդիմությունը եթե ոչ վաղը կամ մյուս օրը, ապա սեպտեմբերից սկսած ակտիվ գործողությունների է անցնելու եւ այդ քրեական գործը նորից օգնելու է իրենց որոշակի մարդկանց հետ հավաքելու», - փաստարկեց նա:

Այդ գործի շրջանակներում, հիշեցնենք, անավարտ է մնացել միայն պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի գործը. նրա նկատմամբ փոխվել է սոսկ խափանման միջոցը, իսկ քրեական գործը կարճված չէ:

Գլխավոր դատախազությանից «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան այսօր պարզաբանեցին, որ Հարությունյանի գործն էլ ավարտվելուց հետո կարող է փակվել մարտի 30-ի քրեական գործը` ավելացնելով, այդուհանդերձ, թե քրեական գործի համար որեւէ ժամկետ սահմանված չէ:

Արամ Սարգսյանի համոզմամբ, մինչդեռ, այս գործը կարճելու երկու տարբերակ կա. - «Այս իշխանությունները պիտի հեռանան, այդ գործը հակադարձվի` ուղղակի գործ հարուցվի նման գործեր հարուցողների դեմ... Կամ` ընդդիմությունը ընդհանրապես պիտի վերանա Հայաստանից»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG