Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը, ինչպես միշտ, չփայլեց արդյունավետությամբ», - ամրագրում է «Առավոտ» թերթը: - «Նորից այսպես ասած` դիրքորոշումների հստակեցման փորձ էր»: «Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, տարածաշրջանում կրկին «վեր է հառնում պատերազմների ստվերը»: Դրա հավանականության ֆոնին էլ մեկնաբանը առանձնացնում-մատնանշում է մի կողմից ԵԱՀԿ-ին ուղղվող սուր քննադատությունը, մյուս կողմից` հայաստանյան պաշտոնյաների սերտացած այցերը Մոսկվա:

«ԱՊՀ երկրների ղեկավարների հուլիսի 3-ի հայտարարությունը ոչ թե ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում «կոլեկտիվ նահանջի» արտահայտություն է, ինչպես փորձ է արվում դա ներկայացնել, այլ ընդհակառակը՝ այդ արժեքներն ու սկզբունքները ԱՊՀ տարածքում «աշխարհաքաղաքական ագրեսիայի» պարզ գործիքի վերածելու եւ, ի վերջո, վարկաբեկելու ստույգ հեռանկարի հանդեպ դրսեւորվող ակնհայտ մտահոգություն», - մատուցում է «Հայոց աշխարհ» թերթը: Այս առումով թերթում ձեւակերպված է. - «Համաեվրոպական «անվտանգության» եւ «համագործակցության» կարգախոսների քողի տակ վերածվելով «ժողովրդավարացման մահակի», ԵԱՀԿ-ն իրականում լուծում է մի շատ պարզ խնդիր՝ «իջնում է» այն երկրների ղեկավարների գլխին, որոնք որդեգրում են ինքնուրույն եւ Միացյալ Նահանգների ցանկություններին չհամապատասխանող արտաքին նախապատվություններ կամ էլ ուղղակի չեն ենթարկվում քաղաքական ասպարեզը թողնելու հորդորներին»:

«Ամերիկյան մամուլում վերջին ժամանակներս Հայաստանի մասին բավական հաճախակի հրապարակվող հոդվածներում որպես կանոն, հայաստանցիների համար ոգեւորիչ ոչինչ չի լինում», - խտացնում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը` որպես թարմ օրինակ բերելով «Վաշինգտոն փոսթ» օրաթերթի երեկվա հոդվածը, ըստ որի` «արտագաղթի պատճառով Հայաստանի բնակչությունն աշխարհում ամենաարագ անհետացող ազգաբնակչություներից մեկն է»: «Համոզված եմ, որ իշխանամետ շատ գործիչներ կվիճարկեն նման բնորոշումը եւ կփորձեն ապացուցել, որ լրագրողի բնորոշումն ամենեւին չի բնութագրում ներկայիս Հայաստանը: Այս կարծիքն իր հերթին վիճարկման ենթակա կլինի», - գրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Բայց էականը ոչ թե այս ներհայաստանյան հնարավոր բանավեճն է, այլ այն, թե ինչպես են սկսել ընկալել Հայաստանը արտերկրում: Ի վերջո, «Վաշինգթոն փոսթ»-ը մեկն է այն թերթերից, որը միջազգային հասարակական կարծիք է ստեղծում, եւ փաստորեն՝ Հայաստանն այսպիսով թեւակոխում է «արագ անհետացող բնակչությամբ» երկրի իմիջի ակտիվ ձեւավորման փուլ: Սա չափազանց լուրջ ետընթաց է, եւ այդ ետընթացը հնարավոր է կասեցնել միայն ներքին սկզբունքային բարեփոխումների արդյունքում»:

«Ազգ» թերթի պատվերով անցկացված հեռախոսային հարցման համաձայն` «փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման հիմնական խոչընդոտ մեր համաքաղաքացիները համարում են իշխանություններին եւ նրանց ղեկավարած չինովնիկական համակարգը»: Կից վերլուծականում ընդգծված է. - «Բարձրագույն իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում է միայն տեսականորեն: Գործնական քայլերը սահմանափակվում են բարձրաստիճան պաշտոնյաների եւ հարկային ու մաքսային մարմինների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելով, որից միայն նրանց եկամուտներն են ավելանում, իսկ բյուրոկրատիզմը, հովանավորչությունը եւ կաշառակերությունը չեն նվազում»: «Ազգ»-ում նաեւ ուշադրություն է սեւեռված. - «Այսօրինակ խոչընդոտներն այնքան շատ են, որ հարցվածների գերակշիռ մասը շրջափակումը բիզնեսի զարգացման լուրջ խոչընդոտ չի համարում»:

«Գոլոս Արմենիի» թերթը շարունակում է ահազանգել, որ կոռուպցիան սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը: «Դրա դեմ պայքարի մասին խոսակցությունների պակաս չկա, բայց կոնկրետ գործողություններ այդպես էլ չեն երեւում», - գրում է մեկնաբանը: - «Մինչդեռ այդ պայքարը պիտի հրապարակային լինի, այլապես կարող է վերածվել անձնական, տնտեսական եւ քաղաքական հաշվեհարդարի»: «Հիմա իշխանությունը եւ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը առանձին-առանձին պատերազմ են հայտարարել կոռուպցիային: Առաջինը` պրոֆիլակտիկ, երկրորդը` բոլոր ձեւերով, փաստեր ու անուններ տալով: Ո՞ւմ մոտ կստացվի… Հավանաբար նրա, ով ավելի ազնիվ կլինի», - առայժմ եզրափակում է մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG