Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 10-ը հուլիսի)

ԱՊՀ այն երկրների ղեկավարները, ովքեր օրերս համատեղ հայտարարություն տարածեցին` քննադատելով ԵԱՀԿ-ին եւ այդ կազմակերպությանը մեղադրելով իրենց երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, «Հայկական ժամանակ» թերթի որակմամբ` «ցանկանում են իրենց քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու եւ նրանց բանտերում փտեցնելու անեզր հնարավորություն ստանալ»: Այդ նույն հայտարարությանն անդրադառնալով` «Ազգ» թերթի մեկնաբանը նշում է. - «Անհասկանալին թերեւս Հայաստանի դիրքորոշումն է, որը հետեւելով Ռուսաստանի օրինակին, գոնե առանց վերապահումների դատապարտել է ԵԱՀԿ-ին, մի կազմակերպության, որի շրջանակներում է ղարաբաղյան կարգավորման խնդիրը... Ուշագրավ է, որ հենց Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ-ին անգործության մեջ մեղադրող Ալիեւն այս դեպքում չի հետեւել Մոսկվային եւ հրաժարվել է ստորագրել ընդունված հայտարարությունը՝ Բաքուն խուսափել է ԵԱՀԿ-ին քննադատելուց՝ ավելորդ բարդություններ չստեղծելով իր համար»:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ասում է. - «Եվրոպան մեզ չի հարկադրել, այլ մենք ենք ցանկություն հայտնել մաս կազմելու եվրոպական ընտանիքին, եւ այս ճանապարհին սահմանվող նշաձողերը, ի վերջո, նպաստելու են մեր երկրի տնտեսական ու քաղաքական առաջընթացին: Վստահ չեմ, թե Ադրբեջանի պարագայում նույն պնդումը կարելի է անել, քանի որ վերջինս ավելի շատ իրեն եվրոպական տեսքով ներկայացնելու, բայց ո՛չ եվրոպականանալու, խնդիր ունի: Եթե այս մոտեցումը սխալ է, ապա եվրոպական արժեքներ դավանող Ադրբեջանի հետ անհամեմատ հեշտորեն կարող ենք լուծում գտնել Արցախի հիմնախնդրին»: Կիրո Մանոյանն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրություններին. - «Դեմոկրատներն ավանդաբար շատ ավելի հակված են հաշվի առնելու Հայաստանի նման երկրների դիրքորոշումները եւ առավել հայանպաստ կեցվածք ունեն, Ջոն Քերին եւ Ջոն Էդվարդսը անցյալում բազմիցս են դրսեւորել իրենց ընդգծված հայանպաստ կողմնորոշումը: Նրանց հաղթանակը բնավ չի նշանակում, թե բոլոր հայկական հարցերը վաղը կլուծվեն, սակայն այն դժվարությունները, որ պայմանավորվում են «Բուշ - Չեյնի եւ ընկերներ» նոր պահպանողական խմբի մոտեցումներով, անշուշտ, կվերանան: Այսուհանդերձ, պետք է պատրաստ լինել նաեւ Բուշի վերընտրվելուն: Ուստի ամերիկահայ համայնքը իր հարաբերությունները պահպանում է ե՛ւ հանրապետականների, ե՛ւ դեմոկրատների հետ»:

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում գնահատում է. - «Այս ընդդիմությունը որոշակի փորձառու է, ունենք բավականին լուրջ քաղաքական գործիչներ, եւ հնարավորինս կառուցողական կարող է լինել։ Այսինքն՝ երբ այս ընդդիմությունը առանձնացնում ես, տեսնում ես՝ տակը բան չմնաց. կամ խռոված ուժեր են, կամ՝ նոր առաջացող»: Մյուս կողմից, ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի հայացքով` «իշխանությունները հաշտություն չեն առաջարկում, այլ շարունակում են պրեսինգի մարտավարությունը»: «Եթե իշխանական ճամբարից ցինիզմի առանձին դրսեւորումներ չլինեին, ժողովուրդը այդքան լարված չէր լինի եւ չէր պաշտպանի ընդդիմությանը», - ասում է նա «Հայոց աշխարհ» թերթում: - «Բայց օբյեկտիվ դժգոհության վրա ավելանում է մի քիչ ցինիզմ, առանձին անձանց լկտիություն, գումարած մի քիչ էլ քաղաքական հակադրություն եւ իրավիճակը դառնում է իսկապես հեղափոխական: Այլ բան, որ ընդդիմությունն այդ իրավիճակում չի կարողանում կամ չի ցանկանում ավելի հեղափոխական ծրագիր իրագործել»:

«Ընդդիմության ճակատում հասունանում է հերթական տարաձայնությունը», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը: - «Մարտավարության վերանայման հարցում, պարզվում է, ընդդիմադիրներն ունեն միմյանց հակասող մոտեցումներ: Եթե «Արդարություն» դաշինքի հիմնական երկու առանցքները՝ «Հանրապետություն»-ն ու ՀԺԿ-ն, այն կարծիքին են, որ ընդդիմության մարտավարության բովանդակային փոփոխությունը ենթադրում է նաեւ չսեւեռվել միայն Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան երկյակի վրա եւ սրանից հետո հրապարակավ հանրությանը ներկայացնել տարբեր նախարարների, պատգամավորների, բարձրաստիճան չինովնիկների կատարած ապօրինությունները, կոռուպցիայի կոնկրետ դեպքերը, ապա «Ազգային միաբանություն»-ում կտրականապես դեմ են այս մոտեցմանը»: Այդ կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը թղթակցին ասել է. - «Կարծում են, որ Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան դուետից ուշադրությունը շեղելով այլ պաշտոնյաների վրա՝ դրանով ընդդիմությունը ջուր է լցնելու այդ երկյակի ջրաղացին եւ իր ձեռքով Քոչարյանի իշխանությունը պահելու է մինչեւ 2008 թվականը... Եթե ընդդիմությունը փորձի թիրախ դարձնել այդ երկյակի պատվերը կատարողներին, դա կնմանվի նրան, որ ռազմի դաշտում պատասխանատվության ենթարկվի ոչ թե հրաման արձակողը, այլ շարքային զինվորը: Ավելին, ես չեմ բացառում, որ հենց իրենք սկսեն ընդդիմությանն ինֆորմացիա եւ կոմպրոմատներ տրամադրել սեփական թիմակիցների դեմ, որպեսզի հանուն արդարության պայքարի իմիտացիա ստեղծվի, եւ հասարակության ուշադրությունը թեքվի այլ ուղղությամբ»: Եվս մեկ նկատառում. - «Եթե ընդդիմությունը սկսի հարվածել այդ մարդկանց, նրանք, զգալով վտանգը, է՛լ ավելի են միախմբվելու Քոչարյանի շուրջ՝ դառնալով կամիկաձեներ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG