Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանը միացել է Ռուսաստանին եւ նախկին խորհրդային տարածքի 7 այլ երկրների՝ մեղադրելով Եվրոպային անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) իրենց պետությունների ներքին գործերին միջամտելու մեջ:

ԵԱՀԿ-ի Վիեննայի կենտրոնական գրասենյակում հինգշաբթի օրը շրջանառության մեջ դրված համատեղ հայտարարությամբ նշված երկրները բողոքում են, թե 55 պետություններ միավորող այդ կազմակերպությունը, որին իրենք անդամակցում են, չափազանց շատ ժամանակ է վատնում Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներում անցկացվող ընտրությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի վրա:

«Հաճախ [ԵԱՀԿ-ն] պատշաճ հարգանքով չի վերաբերում այնպիսի հիմնարար սկզբունքների, ինչպիսին են... ներքին գործերին չմիտամտելը եւ ազգային սուվերենությունը հարգելը», - ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: - «Մտահոգիչ է, որ ԵԱՀԿ-ի առաքելությունները տեղերում չեն կենտրոնանում մանդատով իրենց դրված դերակատարության վրա՝ օգնել տվյալ երկրի իշխանություններին... այլ [զբաղվում են] բացառապես մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարական հաստատությունների մոնիտորինգով»:

Հստակ չէ, թե ԱՊՀ հատկապես որ երկիրն է նախաձեռնել նման անսովոր քննադատությունը: Դրանցից ամենահզորը՝ Ռուսաստանը, վաղուց է ԵԱՀԿ-ին մեղադրում երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Մոսկվային մասնավորապես դուր չի եկել ԵԱՀԿ-ի դիտորդների քննադատությունը անցած մարտին Վլադիմիր Պուտինի՝ նախագահի պաշտոնում վերընտրության կապակցությամբ:

Հայտարարությունը ստորագրած մյուս երկրներից հատկապես Ուզբեկստանը եւ Ղազախստանը երկար տարիներ կառավարվում են ավտոկրատ առաջնորդների կողմից, ովքեր մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների համար բազմիցս քննադատվել են միջազգային ոչ կառավարական այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին են Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը:

ԵԱՀԿ-ն մոնիտորինգ է իրականացրել նորանկախ Հայաստանում անցկացված բոլոր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ ժողովրդավարական չի գնահատել դրանցից եւ ոչ մեկը: Դիտորդները զեկուցել են լուրջ խախտումների բազմաթիվ դեպքերի մասին, որոնք տեղ էին գտել նաեւ անցած տարվա նախագահական ընտրությունների ժամանակ:

ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը շարունակաբար քննադատել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում: Գրասենյակը «քաղաքական նկատառումներով պայմանավորված էր» որակել ընդդիմադիր մի շարք գործիչների ձերբակալությունները անցած գարնանային բողոքի հանրահավաքների ժամանակ եւ օժանդակել էր նրանց ազատ արձակմանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակ ղեկավար Վլադիմիր Պրյախինը ուրբաթ օրը հրաժարվեց մեկնաբանել ԱՊՀ երկրների կողմից ստորագրված հայտարարությունը: Առայժմ արձագանք չկա նաեւ կազմակերպության Վիեննայի կենտրոնական գրասենյակից: Փոխարենը, ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիությունը:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG