Մատչելիության հղումներ

logo-print

Քննարկվեցին նախնական կալանքին առնչվող խնդիրները


«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպությունը ուրբաթ օրը կազմակերպել էր քննարկում «Նախնական կալանքի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը նախորդել էր կազմակերպության կողմից դատախազների, դատավորների, փաստաբանների, քննիչների շրջանում Հայաստանի տարբեր մարզերում անցկացրած հարցումը:

Դատախազները եւ քննիչները, հարցման արդյունքներով, ավելի երկար ժամանակ են պահանջում ձերբակալվածներին մեղադրանք առաջադրելու համար: Ներկայումս գործող օրենքով, ձերբակալված անձին 72 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի մեղադրանքը կամ նա պետք է ազատ արձակվի: Նույն 72-ժամյա ժամկետի ավարտին պետք է դատավորին ներկայացվի նախնական կալանքի ենթարկելու մասին միջնորդությունը:

Արդարադատության նախարարության տվյալներով, 2001-2003 թվականներին կալանքի միջնորդությունները աճել է գրեթե 13 տոկոսով այն դեպքում, երբ բացահայտված հանցագործությունների թիվը նվազել է: Դատարանները մերժել են ներկայացված միջնորդությունների միայն 7 տոկոսը: Հարցված դատավորներից մեկը նշել, որ դատարանները ավելի լավ կաշխատեն, եթե դատավորը իրապես անկախ լինի: Այդ դեպքում, նրա կարծիքով, կմերժվեն նախնական կալանքի մասին միջնորդությունների 30-40 տոկոսը:

Քննիչների պնդմամբ, 72 ժամը շատ քիչ է, որպեսզի իրենք կարողանան հիմնավորել նախնական կալանքի անհրաժեշտությունը եւ առաջադրված մեղադրանքը:

«Նա [քննիչը] երբեք պարտավոր չէ մի քանի օր անընդհատ չքնի», - ասաց Գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Հակոբ Կարախանյանը: - «Պետք չէ բերել, չոր ասել՝ մենք Եվրոպա ենք ինտեգրվում, եվրոպացիները ամեն ինչով ճիշտ են»:

Քննարկման ժամանակ քննիչները առաջարկում էին 3 օրը տրամադրել կալանքի անհրաժեշտությունը հիմնավորելու եւ դատարանին միջնորդություն ներկայացնելու համար եւ եւս 10 օր՝ մեղադրանքն առաջադրելու ու հիմնավորելու համար:

«Դուք պատկերացրեք, երեք օրվա գործողությունների արդյունքում քննիչը մեղադրանք է առաջադրում, որը ապագայում հիմք է դառնում մեղադրական եզրակացության, ապա՝ հիմք է դառնում նաեւ դատավճռի համար», - ասաց Հանրապետության ոստիկանության քննչական վարչության ավագ քննիչ Թաթուլ Պետրոսյանը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG