Մատչելիության հղումներ

Անցած ամիս հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի հատվածում արձանագրված ընդհարումներից հետո անդորրը այստեղ վերականգնվել է: Հայաստանի պաշտպանություն նախարարությունը երեքշաբթի օրը կազմակերպել էր մի քանի տասնյակ լրագրողների այցը սահմանայաին գոտի, ուր Բերքաբեր գյուղի մոտ հունիսի կեսերին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհեր ունեցան երկու կողմերն էլ:

Ադրբեջանական կողմը փորձել էր հսկողություն տակ վերցնել Բերքաբեր գյուղի մոտ՝ չեզոք գոտում գտնվող պոմպակայանը: Ակտիվ փոխհրաձգության հետեւանքով արդյունքում զոհվել էին երկու հայ զինծառայող՝ մեկ սպա եւ մեկ ենթասպա: Ադրբեջանական պաշտոնական տվյալներով՝ իրենց կողմից զոհվել էր 7 զինծառայող:

Այսօր հայկական եւ ադրբեջանական կողմերը նորից դիրքավորվել են Ջողազի ջրամբարի մոտակայքում: Հայ զինվորականները հերքում են ադրբեջանցիների պնդումները, թե հաջողվել է առաջանալ եւ դիրքեր զբաղեցնել հայկական տարածքում:

«Իրենց զինվորները տեղակայված են իրենց պետական սահմանից ավելի խորը՝ 500 մետրից սկսած մինչեւ 1,5 կիլոմետր», - լրագրողներին ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Կամո Քոչունցը: - «Մեր զինվորները, կարող եք ինքներդ տեսնել՝ կանգնած են անմիջապես սահմանագծի վրա»:

Զինվորականների գլխավոր ասելիքը կարելի բնութագրել մեկ նախադասությամբ՝ բանակը մարտունակ է, մեր հողից ոչ մի թիզ էլ չենք հանձնելու:

«Եթե մեր բանակը գոնե մի քիչ ավելի թույլ լիներ, քան ադրբեջանականը, վաղուց արդեն պատերազմ սկսված կլիներ: Ես դրանում համոզված եմ», - ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միքայել Հարությունյանը:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ադրբեջանական կողմը մեկ անգամ էլ փորձի դիրքերը առաջ տանել, Տավուշի մարզի սահմանագծում տեղակայված 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Լեւոն Երանոսյանը պատասխանեց. - «Եթե ուզենան շարունակել, նորին այդպիսի պատասխան կստանան՝ մենք արդեն կհասնենք Ղազախի փեշերը»:

Կամո Քոչունցը, ի տարբերություն գեներալ Երանոսյանի, կադրային զինվորական է, բանակ է եկել խորհրդային շրջանում: Ղազախի փեշերը հասնելու մասին նա ավելի զգույշ է խոսում, ինչը, սակայն, ասվածի իմաստը շատ չի փոխում:

«Առայժմ նման խնդիր չունենք, սակայն եթե մեզ ստիպեն, մենք էլ ստիպված կլինենք վերախմբավորել ուժերը եւ կիրագործել այդ խնդիրը», - ասաց նա:

Դեռեւս հունիսի 15-ին էր Գլխավոր շտաբի պետը հայտարարել, որ ադրբեջանական կողմի զոհերը անհամեմատ ավելի շատ են, քան հայկական բանակի կորուստները: Նույնն ասաց մարտերին անմիջականորեն մասնակցած սպաներից մեկը՝ Իջեւանի զորամասի հրամանատար Օնիկ Գասպարյանը, ում խոսքերով ադրբեջանական մամուլում հնչած տեղեկությունները յոթ զոհ տալու մասին իրականությանը չեն համապատասխանում:

«Եթե իրենք յոթ հոգի են նշում, ուրեմն հավատացեք, որ մի քիչ ավելի շատ է: Ես չեմ ուզում թիվ ասել», - ասաց Գասպարյանը՝ ավելացնելով. - «Բայց այդ թիվը ինձ բավարարում է»:

Լրագրողներին հնարավորություն ընձեռվեց այցելել տանկային զորամաս, որտեղ այսպես կոչված բոքսերից դուրս բերվեցին մոտ երեք տասնյակ միավոր ծանր զրահատեխնիկա:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG