Մատչելիության հղումներ

logo-print

Նորաստեղծ ծառայությանը դեռեւս ոչ ոք չի դիմել


Հայաստանի ազգային անվտանգության համակարգում պետական պահպանության նորաստեղծ ծառայության պետ Գրիգորի Սարկիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում փոխանցել է, որ որեւէ պետական, կրոնական պաշտոնյա կամ այլ գործիչ դեռեւս իրենց չի դիմել՝ սեփական անձի պետական պահպանությունն իրականացնելու խնդրանքով:

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով, պարտադիր այդպիսի ծառայություն է նախատեսված միայն հանրապետության գործող եւ պաշտոնաթող նախագահների, Ազգային Ժողովի գործող նախագահի եւ գործող վարչապետի համար:

Ազգային Ժողովի շենքում ծառայությունն արդեն ստանձնել է իր պարտականությունները: Նույնը մոտ ժամանակներս պատրաստվում է անել կառավարության շենքում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցած անհանգստությանը, թե օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու՝ ծառայության իրավունքը լայն շրջանակներում մեկնաբանվում է որպես «գաղտնալսումների» հնարավորություն, ինչն առանց դատարանի որոշման արգելված է, Գրիգորի Սարկիսյանը ասել է, որ ծառայությունն իրավունք ունի նման գործունեություն իրականացնել միայն օրենսդրությամբ սահմանված կարգով: Նրա խոսքերով, խորհրդարանի եւ կառավարության աշխատանքը լուսաբանող լրագրողների համար անակնկալներ ու նորարարություններ չեն լինելու:

«Նրանց աշխատանքը կանոնակարգվելու է համաձայն այդ շենքերի եւ տարածքների պահպանության հրահանգների», - ասել է Սարկիսյանը:

Հարցին՝ եթե ստեղծվի ապրիլի լույս 13-ի գիշերվա նման իրավիճակ, որո՞նք են լինելու Գրիգորի Սարկիսյանի ղեկավարած ծառայության իրավունքներն ու պարտականությունները, վերջինս պատասխանել է. - «ՀՀ պետական պահպանության ծառայությունը պարտավոր է ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, վերացնել պետական պահպանության իրականցմանը խոչընդոտող արգելքները»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG