Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. - «Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշ դրական տեղաշարժեր կան»


Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում միջազգային միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում «որոշ դրական տեղաշարժեր կան»:

Հայտարարությունը հաջորդել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ Սերգեյ Լավրովի՝ այսօր տեղի ունեցած մոտ մեկուկես ժամ տեւած հանդիպմանը, որի ընթացքում քննարկված երկկողմ հարաբերություններն ընդգրկող, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակում առանցքային է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:

Երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցից հետեւել են ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին հրավիրած ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը «հաջողված» է որակել հանդիպումը:

«Մենք քննարկեցինք Ղարաբաղի խնդիրը: Կարելի է խոսել որոշ դրական տեղաշարժերի մասին», - ասաց Սերգեյ Լավրովը: - «Երկար ընդմիջումից հետո վերականգնվել են շփումները Հայաստանի եւ Արդբեջանի միջեւ, ակտիվացել է Մինսկի խմբի գործունեությունը»:

«Կողմերը շեշտեցին, որ [Լեռնային Ղարաբաղի կարգավորման] հարցը կարող է ունենալ միմիայն քաղաքական կարգավորում փոխզիջումների ճանապարհով, ուստի այդ առումով հակամարտող կողմերին անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն ճկունություն եւ քաղաքական կամք», - տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Իր առաջին պաշտոնական այցի արդյունքներից գոհ է նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարը:

«Մեր օրակարգը երկխոսության բավական ընդգրկուն է եւ խորը», - լրագրողներին ասել է Վարդան Օսկանյանը: - «Այս առաջին իմ այցից շատ գոհ եմ, շնորհակալ եմ հրավերի համար: Համոզված եմ, որ մենք պարբերաբար կհանդիպենք եւ կկարողանանք հատկապես այս օրերին, երբ մեր տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում, համագործակցել՝ ի շահ մեր երկու երկրների»:

Ռուսաստանցի լրագրողներից մեկի հարցին, թե պատրա՞ստ է Հայաստանը բացել Թուրքիայի հետ սահմանը, Օսկանյանը պատասխանել է, թե Հայաստանը չէ, որ պետք է բացի սահմանը. - «Մեր սահմանը բաց է եւ մենք կոչ ենք անում Թուրքիային՝ բացել սահմանը առանց նախապայմանի»:

Լրագրողներից մեկի ակնարկին, թե իր կիսադեմը փոքր-ինչ հայկական է, Ռուսաստանի արտգործնախարարը արձագանքել է. - «Այո, ես հայկական արյուն ունեմ: Իմ հայրը հայ է Թբիլիսիից»:

Այսօր ավելի ուշ Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Անդրեյ Կակոշինի հետ:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG