Մատչելիության հղումներ

Իրաքի հայ համայնքը ավելի մեծ օգնություն է ակնկալում Հայաստանից


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բաղդադի հայկական եկեղեցու քահանա Նարեկ Իշխանյանը, Իրաքի հայ համայնքը ավելի մեծ օգնություն է ակնկալում Հայաստանից:

Իշխանյանի փոխանցմամբ, Բաղդադում Հայաստանի դեսպանատունը դատարկ է անցած տարվա մարտից:

Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը, մինչդեռ, այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Հայաստանի կառավարությունը քննարկել է իրաքահայերին օգնություն տրամադրելու հարցը. աջակցության ձեւերը ճշգրտվում են: Փոխնախարարի վկայությամբ, պատերազմի արդյունքում մշտական բնակության նպատակով Հայաստան է եկել 29 իրաքահայ: Իրաքից արտագաղթած հայերի մեծ մասը ապաստանել է Հորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում:

Փոխարտգործնախարարը նաեւ հայտնել է, որ Իրաքի հայ համայնքը հորդորել է Հայաստանի իշխանություններին զինվորականներ չուղարկել Իրաք, որպեսզի Իրաքի բնակչությունը չտրամադրվի հայերի դեմ: Հայաստանը մտադիր է բժիշկներ եւ սակրավորներ գործուղել Իրաք, բայց ժամկետը, ըստ Ռուբեն Շուգարյանի, դեռ որոշակիացված չէ:

Նարեկ Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է նաեւ, որ այժմ Իրաքում բնակվում է ավելի քան 20 հազար հայ, ովքեր հիմնականում կենտրոնացված են Բաղդադում, Բասրայում, Մոսուլում եւ Կիրկուկում:

Հայերը որպես քրիստոնեաներ խտրականության չեն ենթարկվել մահմեդական Իրաքում, բայց Սադդամ Հուսեյնի օրոք տառապել են բոլոր ազգերի նման:

80-ամյա Կարապետ Կիտիկյանը, որը մոտ 20 տարի առաջ Իրաքի ամենահարուստ մարդկանցից էր, «Ազատություն» ռադիոկայանին պատմել է, որ 1992 թվականին, երբ Պարսից ծոցի պատերազմից հետո Սադդամի վարչակարգը փողի խիստ կարիք ուներ, իրեն կանչել են եւ պահանջել, որ օտարերկրյա բանկերում ունեցած գումարները հանձնի կառավարությանը: Մեծահարուստը հրաժարվել է, ինչից հետո նրան ձերբակալել են, կտտանքների ենթարկել եւ զրկել ունեցվածքից:

Հայ եկեղեցին օգնում է չքավոր իրաքահայերին: Ստեղծվել է նաեւ կանանց բարեգործական կազմակերպություն, որը հոգ է տանում մոտ 300 հայ ընտանիքների մասին, փոքր վաստակ ունեցողները անվճար դեղամիջոցներ են ստանում:




Վալենտինաս Միտե, Բաղդադ եւ Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG