Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հրաժարվում են մասնակցել հակակոռուպցիոին մարմնի մոնիտորինգային խմբի աշխատանքներին


Հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով այս տարի ավելի վաղ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի՝ անցած շաբաթավերջին ձեւավորած մոիտորինգային հանձնաժողովի աշխատանքներին՝ հանձնաժողովի ստեղծումը որակելով կոռուպցիայի դեմ պայքարի «հերթական իմիտացիա»:

Կոռոպցիայի դեմ պայքարի հարցերով երկրի նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի նախագահությամբ ձեւավորված մոնիտորինգային հանձնաժողովի որոշումները ունենալու են խորհրդատվական բնույթ: Ինչպես տեղեկացրել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուրբաթ օրը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստում, որը նախագահել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, սահմանվել է, որ մոնիտորինգային հանձնաժողովը «իրավունք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից եւ այլ կազմակերպություններից, սահմանված կարգով, պահանջել եւ ստանալ իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն, վիճակագրական տվյալներ ու այլ փաստաթղթեր, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կատարել ուսումնասիրություններ եւ հետազոտություններ, կազմել աշխատանքային խմբեր կամ ենթախմբեր, ներգրավել փորձագետներ, կազմակերպել կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին նվիրված համաժողովներ, սեմինարներ, հեռուստահաղորդումներ, ինչպես նաեւ տարբեր բնույթի այլ քննարկումներ»:

Հանաձնաժողովի կազմում, բացի կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (GRECO) Հայաստանի պատվիրակության ղեկավարից, Հայաստանի պետական կառավարաման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարից, տարածաշրջանային զարգացման կենտրոն «Թրենսփերենսի ինթերնեշնլ»-ի հայաստանյան մասնաճյուղի նախագահից, ընդգրկվել են նաեւ մեկական ներկայացուցիչ Ազգային ժողովի պատգամավորական խմբակցություններից եւ խմբերից՝ այդ թվում ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցություններից:

Ըստ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի, դա կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության դաշտ է ստեղծում իշխանական կոալիցիայի եւ ընդդիմության համար:

«Եթե նրանք ասում են, որ հակակոռուպցիոն պայքարը, որ իշխանությունները հռչակել են, իմիտացիա է, կամ՝ միջազգային կառույցների աչք փակելու համար է... իրականում նրանց համար հնարավորություն է ստեղծվում մարդիկ ընդգրկել այս մոնիտորինգի հանձնաժողովի մեջ, որոնք իրենց աշխատանքով ցույց կտան, որ, այո', իշխանությունները չեն ուզում իրական պայքար մղել՝ եթե այդպիսի փաստեր կունենան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եսայանը՝ ավելացնելով, որ նորաստեղծ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց ընդդիմության հրաժարվելը կնշանակի, որ նրանք «ընկնում են պոպուլիզմի գիրկը»:

Ազգային ժողովի աշխատանքը գարնանային նստաշրջանում բոյկոտած ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները, ովքեր տեղյակ էլ չէին հանձնաժողովի ստեղծմանը, այդուհանդերձ, հրաժարվում են մասնակցել մոնիտորինգի հանձանժողովի աշխատանքներին:

«Ազգային միաբանություն» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանի համոզմամբ, իշխանությունները հերթական անգամ փորձում են մոլորության մեջ գցել մարդկանց:

«Թյուրիմացության մեջ բավական է գցել ժողովրդին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամյանը: - «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսվի իշխանափոխությունից, որովհետեւ երբեք եւ երբեք այն մարդիկ, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի, կաշառակերության, հովանավորչության մեջ, իրենց ձախ ձեռքով իրենց աջ ձեռքը չեն բռնի: Ուստի այս հերթական ֆարսին «Ազգային միաբանություն» թե' կուսակցությունը, թե' պատգամավորական խմբակցությունը մասնակցության չեն ունենա»:

«Արդարություն» դաշինքը, ըստ պատգամավոր Շավարշ Քոչարյանի, դեռեւս չի քննարկել հանձաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցը: Ամեն դեպում, նրա համոզմամբ, կոռուպցիայի արմատը հենց իշխանությունն է եւ ստացվում է, որ իշխանությունն ուզում է ինքն իր դեմ պայքարել:

«Իմ գնահատականը նա է, որ սա ընդամենը հերթական իմիտացիան է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարում՝ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG