Մատչելիության հղումներ

Ավարտվեց «Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնը


Երեւանում անցած շաբաթավերջին ավարտված «Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի անվանակարգում «Ոսկե Ծիրան» մրցանակի արժանացավ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հայտնի «Արարատ» կինոնկարը:

Մյուս անվանակարգերում «Ոսկե Ծիրան» մրցանակը հեղինակավոր ժյուրին բաշխել էր հետեւյալ կերպ. ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Հեքիաթ թեւավոր ձիու մասին» (Հայաստան, փաստագրական կինոնկարների անվանակարգ), ֆրանսահայ կինոռեժիսոր Ստեֆան Էլմաջյանի «Ֆրիդաբ-1» (կարճամետրաժ, ինչպես նաեւ անիմացիոն եւ փորձարարական կինոնկարների անվանակարգերում) եւ Մարիա Սահակյանի «Հրաժեշտ» (ուսանողական եւ դեբյուտային կինոնկարների անվանակարգ, հայ-ռուսական համատեղ ձեռնարկ):

Երկուշաբթի օրը փառատոնի ժյուրի հրավիրած ասուլիսում կազմակերպիչներից կինոգետ Միքայել Ստամբոլցյանը ներողություն խնդրեց փառատոնի կազմակերպչական աշխատանքներում տեղ գտած բացերի համար՝ խոստանալով, որ հաջորդ տարիներին դրանք կվերացվեն:

Ռուսաստանցի կինոքննադատ Օլգա Շերվուդի համոզմամբ, այդուհանդերձ, ամեն ինչ «հիանալի էր, իդեալական»՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ է Հայաստանում նման փառատոն իրականացվում:

«Ես մասնակցել եմ բազմաթիվ փառատոների ե'ւ որպես կազմակերպիչ, ե'ւ որպես ժյուրիի անդամ», - ասաց նա՝ շարունակելով. - «Առաջին անգամվա համար պարզապես իդեալական էր»:

«Ոսկե Ծիրան» առաջին միջազգային կինոփառատոնին ընդհանուր առմամբ ներկայացվել էին 160 կինոնկարներ աշխարհի 20 երկրներից: Մրցույթին մասնակցել են միայն հայազգի կինոռեժիսորների հեղինակած 60 կինոնկարները:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG