Մատչելիության հղումներ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության ամրապնդվող համագործակցության շնորհիվ, ինչպես ուրբաթ օրը Երեւանում հայտարարեց Ռուսաստանի ներքին գործերին նախարար Ռաշիդ Նուրղալիեւը, հաջողվել է թրաֆիքինգի զոհ դառնալուց փրկել ավելի քան հարյուր հայ կանանց, ում փորձում էին ուղարկել արտասահման՝ սեռական շահագործման նպատակով:

Նուրղալիեւի խոսքերով, հունիսի 24-ին հայտնաբերվել է Հայաստանում գործող տրաֆիքինգով զբաղվող մի խումբ, ովքեր արդեն վեց երիտասարդ աղջիկների տեղափոխել էին Ռուսաստան, որտեղից մտադիր էին՝ փաստաթղթային անհրաժեշտ ձեւակերպումներ անելուց հետո, ուղարկեին Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու: Համատեղ գործողությունների արդյունքում աղջիկներին վերադարձրել են Հայաստան:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարը լրագրողների հետ հանդիպել էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության համատեղ կոլեգիայի՝ ուրբաթ օրը Երեւանում ավարտված նիստի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսում:

Համատեղ նիստում քննարկվել են երկու երկրների իրավապահ գերատեսչությունների փոխգործակցության արդյունքներն ու ձեռնարկվելիք քայլերը: Ասուլիսում ինչպես Նուրղալիեւը, այնպես էլ Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը շեշտեցին հատկապես կազմակերպված հանցագործությունների՝ ահաբեկչության, թմրաբիզնեսի, թրաֆիքինգի դեմ էլ ավելի արդյունավետ պայքար ծավալելու անհրաժեշտությունը:

Տեղեկացվեց, որ 2003 թվականին Ռուսաստանում ձերբակալվել եւ Հայաստան են տեղափոխվել 48 հետախուզվող, 2004 թվականի առաջին հինգ ամսիների ընթացքում՝ 23-ը: Իսկ Հայաստանում 2003-ին հայտնաբերվել եւ կալանվել են Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 62 անձ, ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին՝ 22-ը:

Այդուամենայնիվ, երկու երկրների իրավապահները կարծում են, որ համագործակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտություն կա եւ այդ նպատակով կոլեգիայի այսօրվա համատեղ նիստում պայքարի նոր մեխանիզմներ են մշակել:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ վերաբերում էր Ռուսաստանում գործող տարբեր ազգերի եւ մասնավորապես հայկական հանցագործ խմբավորումներին, Նուրղալիեւը նախ չհամաձայնեց, թե հանցագործությունը ազգային պատկանելիություն ունի:

«Ես կարծում եմ, որ ազգային հանցագործությունը կարող է նաեւ խառը լինել», - ասաց նա: - «Հայտնի է, որ Ռուսաստանում կան խմբեր, որտեղ ընդգրկված են ռուսներ, չեչեններ, հայեր, ադրբեջանցիներ, վրացիներ եւ այլն»:

Այդուհանդերձ, Ռուսաստանում գործում են 5 հանցագործ խմբավորումներ, որոնց ղեկավարները հայաստանցիներ են եւ «իրենք էլ խմբերում ընդգրկում են հայրենակիցների»:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարի խոսքերով, իրավապահների գերխնդիրը ոչ թե հանցագործ խմբերը ըստ ազգությունների բաժանելն է, այլ համատեղ ջանքերով դրանց դեմ պայքարելը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG