Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ինտերնետային առանձին էջում տեղադրել է երկրի՝ ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների ցուցակները՝ ըստ ընտրատարածքների: ԿԸՀ-ի պաշտոնատարների համոզմամբ, դա ընտրողներին լրացուցիչ հնարավորություն կտա ապագա ընտրություններից առաջ ճշտել իրենց անունների առկայությունը ընտրացուցակներում:

http://voters.elections.am ինտերնետային էջի շնորհանդեսը տեղի ունեցավ ուրբաթ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում՝ բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրագրողների ներկայությամբ:

Ինտերնետում տեղադրված տվյալների առաջին իսկ ստուգումը, որ կատարվեց շնորհանդեսի ժամանակ ի հայտ բերեց, որ անճշտությունները, որոնց մասին այդքան խոսվել է վերջին տարիների բոլոր ընտրությունների ժամանակ, վերացված չեն:

Շնորհանդեսին ներկա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայրանունը, օրինակ, ցուցակում սխալ էր գրված՝ Էդոնիսի փոխարեն Էդմոն: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը դա որակեց «տեղական իշխանությունների կողմից թույլ տված անփութություն»:

Անցած ընտրությունների ժամանակ ընտրողներից շատերը, ընտրատեղամասերի ցուցակներում չգտնելով իրենց անունները, ստիպված էին դատական կարգով վերականգնել իրենց ընտրական իրավունքը:

«Շատ հաճախ ընտրությունների օրը դատարանի վճռի հիման վրա որեւէ մեկը վերականգնում է իր ընտրական իրավունքը, բայց համայնքի ղեկավարը այդպես էլ չի շտկում ցուցակը», - ասաց Դավիթ Հարությունյանը:

ԿԸՀ-ում ընդունեցին, որ թեեւ ընտրողների ցանկը ինտերնետում է, բայց դրանք դժգոհություն առաջացրած նույն ցուցակներն են: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը պատասխանատվությունը դրեց տեղական իշխանությունների վրա՝ ասելով, որ իրենք ինտերնետում տեղադրել են համայնքների կողմից տրամադրված ցուցակները:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG