Մատչելիության հղումներ

Հրազդանի ՋԷԿ-ում ծծմբաթթվի տարողության պայթյունի պատճառը դեռեւս անհայտ է


Երեկ երեկոյան Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում 9,5 տոննա տարողությամբ ծծմբական թթվի գլանատակառի պայթյունի պատճառները դեռեւս հայտնի չեն. դրանք պարզելու նպատակով հարուցվել է քրեական գործ: Պայթյունի հետեւանքով զոհվել է 44-ամյա փականագործ Սպարտակ Դանիելյանը: ՋԷԿ-ի եւս 7 աշխատակից տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել:

«Երբ անմիջաբար մարդու վրա է լցվում դա՝ ե'ւ մաշկի, ե'ւ շնչուղիների համար չափազանց վտանգավոր է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արտակարգ իրավիճակների վարչության լրատվական ծառայության ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը: - «Մեկը հենց տեղում զոհվել է, իսկ 7 վիրավորներից մեկի վիճակը շատ ծանր է՝ վնասվել են նրա աչքերը»:

Թեեւ դեռ հայտնի չեն պայթյունի պատճառները, Նիկոլայ Գրիգորյանի խոսքերով, հավանաբար տեղի է ունեցել տեխնոլոգիական խախտում:

«Այդ թթուն ինքը պայթել չէր կարող», - ասաց նա: - «Որ տեղի է ունեցել տեխնոլոգիական խախտում, դա միանշանակ է: Մասնագետներն էլ կարող են նշել, որ ծծմբական թթու պարունակող գլանատակառը պայթել չի կարող՝ եթե այնտեղ չի թափանցել կամ չի եղել որեւէ այլ նյութ»:

Գրիգորյանը ասաց նաեւ, որ, ըստ նախնական վարկածի, գլանատակառի մեջ, ամենայն հավանականությամբ, եղել են այլ նյութեր, օրինակ՝ ջուր, որը ծծմբաթթվի հետ փոխազդեցության մեջ մտնելով, առաջացրել է ջրածին, որը կարող էր պայթյունի պատճառ դառնալ:

Հրազդանի ՋԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Հայկազ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գլանատակառը նախապես ենթարկվել էր ճնշափորձարկման, սակայն անսպասելիորեն պայթել էր արդեն շահագործման ժամանակ: Աբրահամյանի կարծիքով, գլանատակառը վնասված է եղել:

«Անհասկանալի բաներ կան: Անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի ամեն ինչ պարզվի», - ասաց նա: - «Վնասվածքի պատճառը անհասկանալի է առայժմ: Դրա համար ժամանակ է պետք: Հարկավոր է բազմակողմանի ուսումնասիրել, որպեսզի շուտափույթ եզրակացություններ չանենք: Մի քանի օրից հետո պարզ կլինի ամեն ինչ»:

Ծծմբական թթվի արտահոսքը, այն էլ նման մեծ քանակությամբ՝ մոտ 10 տոննա, բավական մեծ վտանգ է ներկայացնում շրջական միջավայրի եւ այդ գոտում գնտվող մարդկանց համար: Սակայն կոնկրետ այս պատահարի դեպքում, ինչպես հավաստիացրին Արտակարգ իրավիճակների վարչությունում, ծծմբական թթվի արտահոսքը էկոլոգիական աղետի չի հանգեցրել, եւ չի կարող վնասել ՋԷԿ-ի մոտակայքում բնակվող մարդկանց, քանի որ թունավոր նյութերը արագորեն չեզոքացվել են:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG