Մատչելիության հղումներ

Կառավարությունը օժանդակելու է ցրտահարությունից եւ կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին


Կառավարության այսօրվա նիստում որոշվել է պահուստային ֆոնդից հատկացումներ կատարել գյուղացիական այն տնտեսություններին, որոնք տուժել են այս տարվա գարնանային ցրտահարություններից եւ կարկուտից: Ընդհանուր առմամբ կհատկացվի շուրջ 240 միլիոն դրամ:

Առանձնացված են հատկապես ծիրանի եւ ցորենի բերքից զրկված տնտեսությունները: Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը շեշտեց, որ սա ոչ թե վնասի փոխհատուցում է, այլ օժանդակություն, աջակցություն գյուղացիական տնտեսություններին, քանի որ վնասը, բնականաբար շատ ավելի մեծ է:

Գյուղացիական այն տնտեսությունները, որոնք այս տարի չեն ստանա ծիրանի նախատեսված բերքը (ցրտահարված ծիրանի այգիների տարածքը կազմում է 4 հազար 536 հեկտար), Տերտերյանի պարզաբանմամբ, չեն վճարի ջրի վարձը. դա նրանց փոխարեն կանի կառավարությունը՝ իր պահուստային ֆոնդից 199 միլիոն 209 հազար դրամ փոխանցելով կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին:

«Այս տարի ցրտահարված ծիրանի այգիները ջրելու դիմաց առաջացել է ջրի վարձ», - ասաց Տերտերյանը: - «Այդ ջրի վարձը ցրտահարված այգիներին համամասնորեն պետությունը կփոխհատուցի գյուղացիներին»:

Կառավարության պահուստային ֆոնդից 41 մլն դրամ կհատկացվի գյուղատնտեսության նախարարությանը՝ 2004թ. հունիսի 22-ի կարկտահարության հետեւանքով տուժած Լոռու մարզի համայնքների հողօգտագործողներին աջակցելու համար աշնանացան ցորենի սերմացու ձեռք բերելու նպատակով:

«Քանի որ այս տարի բերք չեն ստանալու եւ պրոբլեմներ կունենան հողի հարկի, ջրի վարձի մուծման պարագայում, պետությունը փորձում է որոշակի օժանդակություն ցուցաբերել», - ասաց Տերտերյանը: - «Կոմպենսացիայի մասին չէ խոսքը: Կոմպենսացիայի մասին կարելի կլիներ խոսել, եթե մենք ունենայինք ապահովագրական համակարգ, որը կգնահատեր ե'ւ կոորւստները, ե'ւ ռիսկերը... Սա ուղղակի օժանդակություն է գյուղացիներին այս չափով»:

Չնայած գյուղատնտեսության ռիսկայնությանը Հայաստանում բարձր է, գյուղացիները խուսափում են ապահովագրական համակարգից:

«Ցավոք սրտի գյուղացիները, գյուղացիական տնտեսությունները իրենք կամավորության սկզբունքով կամ գիտակցությամբ այդ քայլին չեն գնում» - ասաց Տերտերյանը՝ ավելացնելով. - «Ըստ երեւույթին պետությունը պետք է շահագրգռի»:

Միաժամանակ քայլեր են արվում կարկտահարությունները ապագայում կանխելու ուղղությամբ: Վաչե Տերտերյանի փոխանցմամբ, ներկայումս փորձարկվում է հակակարկտային պայքարի նոր տեխնոլոգիա:

«Մեզ ծանոթ թնդանոթային, արկային եղանակից մենք փորձում ենք հրաժարվել, եւ Արագածոտնի մարզում եւ մի շարք այլ տեղերում հիմա փորձարկվում է այլ, ժամանակակից տեխնոլոգիա: Եթե դա արդյունավետ եղավ մեր երկրի բնակլիմայական պայմանների համար, կարծում եմ, որ հաջորդ տարվանից մենք այդ համակարգը կկարողանանք ներդնել»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG