Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում Էդգար Առաքելյանի դատավճիռը


Վերաքննիչ դատարանը չորեքշաբթի օրը անփոփոխ թողեց 24-ամյա Էդգար Առաքելյանի նկատմամբ անցած ամիս առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Առաքելյանը ապրիլի լույս 13-ի գիշերը ընդդիմադիրների ցույցը ցրելու ժամանակ ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ ատյանը հիմնավոր ճանաչեց առաջին ատյանի դատարանի վճիռը, թեեւ Էդգար Առաքելյանը, ինչպես եւ առաջին ատյանի դատարանում, իրեն մեղավոր չճանաչեց: Նա պնդեց, որ պլաստիկե շշով հարվածել է ոստիկանության փոխգնդապետ Մարտիրոսյանին սոսկ ինքնապաշտպանության նպատակով՝ ավելացնելով, որ եթե վիրավորել է նրան, ապա ներողություն է հայցում:

«Այն դատավճիռը, որ կայացվեց այսօր եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանում, քաղաքացին ոչ միայն պաշտպանված չէ պետության կողմից, այլեւ ինքնպաշտպանության իրավունք չունի», - դատավճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց ընդդիմադիր պատգամավոր Գրիգոր Հարությունյանը:

Վերաքննիչ դատարանի մուտքի մոտ իրավապաշտպան կազմակերպությունների մի խումբ անդամներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով արդար դատաքննություն: Նրանք մեկ տասնյակից ավելի հանքային ջրերի պլաստիկե շշեր էին բերել՝ խորհրդանշականորեն դրանք «հոժարական» հանձնելու իշխանություններին:

«Պլաստիկե շշերը հանձնում ենք դատարանին», - ասաց բողոքի ցույցի մասնակիցներից Լալա Ասլիկյանը: - «Զենքերը վայր ենք դնում»:

«Հանրապետության» կուսակցության ղեկավար անդամ Արտակ Զեյնալյանը, ով միացել էր ցուցարարներին, ասաց, որ «թեթեւ» զենքը վայր են դնում, սակայն «զինվելու են վճռականությամբ»:

Էդգար Առաքելյանի շահերի պաշտպանի խոսքերով, այսօրվա դատավճիռը, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվի դատական գերագույն՝ Վճռաբեկ ատյանում:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG