Մատչելիության հղումներ

Դատարանը մասնակիորեն բավարարեց Արամ Կարապետյանի հայցը


Չորեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը վճռեց մասնակիորեն բավարարել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցը ընդդեմ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի եւ նույն կուսակցության ղեկավար անդամ Ալեքսան Կարապետյանի:

Հայցվոր Արամ Կարապետյանը ակնկալում էր իր «պատվի, արժանապատվության եւ քաղաքական գործչի բարի համբավի պաշտպանություն», ինչպես նաեւ պահանջում էր պարտավորեցնել Արտաշես Գեղամյանին եւ Ալեքսան Կարապետյանին հրապարակավ ներողություն խնդրել եւ հերքել իր «արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող տեղեկությունները», ինչպիսիք, Արամ Կարապետյանի պնդմամբ, տեղ էին գտել հայաստանյան մամուլի էջերում:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն, հայցը բավարարեց միայն մասնակիորեն: Այսինքն՝ մամուլում հրապարակված տեղեկությունները Արամ Կարապետյանի մասին «ամբողջությամբ ճանաչվեցին» իրականությանը չհամապատասխանող: Հայցը, սակայն, մերժվեց «պատասխանողներ Արտաշես Գեղամյանին եւ Ալեքսան Կարապետյանին հրապարակավ ներողություն խնդրելու եւ զանգվածային լրատվություն այն միջոցներով, որով տարածել են Արամ Կարապետյանի արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պարտավորությունների պահանջների» մասով՝ անհիմն լինելու պատճառով:

Արամ Կարապետյանը ներկայումս Հայաստանում չէ, սակայն նրա լիազոր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տարակուսանք հայտնեց դատարանի վճռի կապակցությամբ:

«Եթե [մամուլի հրապարակումը] իրականությանը չի համապատասխանում եւ կողմը համապատասխան հայտարարություն է տվել, ապա ի՞նչ է նշանակում հերքում չտալը, ինչը օրենքը պարտադիր պայման է դիտում», - ասաց Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ բավարարված են վճռի միայն առաջին մասով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG