Մատչելիության հղումներ

Նախկին պատգամավորը նախկին վարչապետին մեղադրում է ծեծկռտուք հրահրելու մեջ


Խորհրդային պետության այլախոհ, Հայաստանում ՀՅԴ-ի հիմնադիրներից մեկը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ներկայումս անկուսակցական Մեխակ Գաբրիելյանը Հայաստանի նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ, ներկայումս Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանին մեղադրում է երեկ երեկոյան Երեւանի Շիրակի փողոցի գազալացկայանում տեղի ունեցած ծեծկռտուքը հրահրելու մեջ:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, մոտ մեկ տասնյակ անձինք ծեծի են ենթարկել գազալցակայանի տնօրեն Սարգիս Գաբրիելյանին եւ նրա եղբորը՝ Արտակին. երկուսն էլ Մեխակ Գաբրիելյանի որդիներն են:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մեխակ Գաբրիելյանը, մոտ երկու տարի առաջ հիմնադրված «ԳԻՄԱՍ» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է իրեն ու իր որդիներին, 25 տոկոսը՝ Խոսրով Հարությունյանի որդուն, մյուս 25-ը՝ վերջինիս ազգականներին: Միջադեպի նախորդ օրը Խոսրով Հարությունյանը հեռախոսով Մեխակ Գաբրիելյանին տեղեկացրել է, որ իր բաժնեմասը վաճառում է Թեւոս անունով մեկին: Օրենքն ու ընկերության կանոնադրությունը պահանջում են այդ մասին գրավոր դիմում, քննարկում, այնուհետեւ համապատասխան որոշում լինի:

Երեկ, սակայն, Մեխակ Գաբրիելյանի պատմածով տեղի է ունեցել հետեւյալը. - «Թեւոս անունով մարդը, որ հետո պարզվեց, որ ինչ-որ հեղինակություն է, նրա հետ միասին մի 15 հոգի մարդ ներխուժել են գազալցակայան, փորձել սկզբից դուրս կանչել երկու որդիներիս, որոնք հրաժարվել են: Խոսրով Հարությունյանը այդ մարդու հետ միասին մտել են ներս եւ ասել է՝ ես իմ 25 տոկոսը այս մարդուն եմ վաճառում: Տղաս հակաճառել է, որ դա պետք է քննարկվեր եւ նոր որոշում ընդունվեր»:

Դրանից հետո, երբ Խոսրով Հարությունյանը հեռացել է, ըստ Գաբրիելյանի, այդ 15 հոգին ներխուժել են գացալցակայան ու ծեծի են ենթարկել իր որդիներին, ինչպես նաեւ գազալցման կայանի աշխատակիցներից ոմանց:

Չնայած միջադեպը տեղի է ունեցել Խոսրով Հարությունյանի հեռանալուց հետո, Մեխակ Գաբրիելյանը պնդում է, որ տեղի է ունեցել «մտածված, նախօրոք ծրագրավորված գործողություն՝ Խոսրով Հարությունյանի գլխավորությամբ»:

Խոսրով Հարությունյանը հրաժարվեց խոսել միջադեպի մասին՝ ասելով. -
«Որեւէ մեկնաբանություն չի լինելու, ամեն ինչ ժամանակին կպարզվի, իսկ Մեխակ Գաբրիելյանը դեռ պիտի իրավապահ մարմիններին ապացուցի իր ասածների իսկությունը»:

Շենգավիթի ոստիկանապետ Մակարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երեկ երեկոյան գազալացկայանում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ «խուլիգանություն» հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, եւ այն գտնվում է համայնքի դատախազության վարույթում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG