Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը սկսել է իրենց կազմակերպած «Հայաստանի նախագահի միջանկյալ ընտրությունների» արդյունքների ամփոփումը: Երեկվա դրությամբ ստացել են 105 ծրար, եւ առաջին եռյակում են Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 57 քվեով, Արտաշես Գեղամյանը՝ 17 քվեով եւ Ստեփան Դեմիրճյանը՝ 14 քվեով: Ինչպես նշվում է՝ այս առաջին ամփոփումը դեռեւս որեւէ եզրակացության հիմք չի տալիս:

«Մեր մտավորականները, քաղաքական ու հասարակական գործիչները շատ խիզախ մարդիկ են: Հիմա էլ իրենց քաղաքացիական արիությունը, խիղճը եւ մնացած լավ-լավ բաները արթնացել են սոցիալական քարտերի առիթով», - հեգնում է այսօր «Առավոտ»-ի խմբագիրը: - «Հնարել են ինչ-որ շինծու, կիսամիստիկ, դատարկ մի խնդիր եւ սկսել են «հերոսական» շարժումը սատանայի դեմ»: «Ընդհանրապես Ազգային ժողովին, կոալիցիային, նրա անդամ կուսակցություններին կամ կառավարությանը քննադատելը շատ անմեղ եւ անվնաս զբաղմունք է: Հայաստանում «վտանգավոր» է միայն երկու բան՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին «կպնելը», - շեշտում է խմբագիրը:- «Այնպես որ սատանայի դեմ դուրս գալը չափազանց անվտանգ «արիություն» է, քանի որ «պոչավորը», ի տարբերություն վերոհիշյալ երկու անձանց, որեւէ վարչական կամ տնտեսական լծակ չունի եւ, հետեւաբար, պաշտոնից ու փողից ոչ մեկին չի զրկի: Շատ լավ առիթ է հիշեցնել սեփական գոյության մասին՝ որպես «մարդկանց համարակալման դեմ» պայքարող անխոնջ մարտիկ: Որտե՞ղ էին այդ քաղաքացիական սխրագործները, երբ ընտրությունների ժամանակ խրձերով քվեաթերթիկ էին լցնում, ապրիլի 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում մարդկանց էին կոտորում կամ ոստիկանին դատարկ շշով խփելու համար երիտասարդին 1,5 տարվա ազատազրկման էին դատապարտում», - հարցնում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դառնում է 50 տարեկան, եւ նրան նվիրված հուշագրությունում ուսանողական ընկերներից մեկը «Հայաստանի Հանրապետություն» թերթում սահմանում է. - «Քաղաքական ու ռազմական գործիչ Սերժ Սարգսյանի կյանքն ու գործունեությունը այլեւս պատմության սեփականությունն է»: Իսկ այն հեռավոր տարիներից մասնավորապես փոխանցվում է. - «Նա ֆիզիկական աշխատանքից խոնջացած էր երեկոյան դասի գալիս, բայց սովորում էր նամուսով: Շատ էր սիրում քերականություն. ժամանակակից հայոց լեզվի հնչյունաիմաստաբանական վերլուծությունների դասերը ասես վայելքի ժամեր էին նրա համար: Շատերի նման ես էլ կարծում էի, թե նրա ապագան արդեն իսկ կանխորոշված է՝ հայոց լեզվի դասախոս եւ վերջ»:

Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը «Հնարավոր համարո՞ւմ եք իրավիճակի աշնանային սրացումը» հարցին «Հայոց աշխարհ» թերթում պատասխանում է. - «Հաշվի առնելով Հայաստանի ներկա վիճակը, պետք է ասել, որ ընդդիմությունն ըստ էության ոչ մի ռեսուրս չունի: Սակայն նկատի ունենանք նաեւ, որ աշնանը ԵԽ-ում նորից Հայաստանի հարցի քննարկումն է լինելու: Այս առումով ենթադրելի է, որ ընդդիմությունն այլոց փողերի եւ մեթոդների, ընդհուպ մինչեւ անկանխատեսելի երեւույթների, սադրանքների գործադրմամբ, չի բացառվում նաեւ զենքի կիրառման միջոցով, ամեն ինչ կանի սրացումների գնալու, Հայաստանում ամեն կարգի խժդժություններ սադրելու համար»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում շեշտել է. - «Ստրասբուրգում նախագահ Քոչարյանի՝ Ղարաբաղի հարցի շուրջ արտահայտած դիրքորոշումները կարեւոր են այն առումով, որ ԵԽԽՎ-ում վերջին շրջանի դրսեւորումներն իսկապես մտահոգիչ էին: Առիթից առիթ փորձեր էին լինում առանձին փաստաթղթերում մեզ համար ոչ նպաստավոր ձեւակերպումներ ներառել»: Ընդհանուր առմամբ, Արմեն Ռուստամյանը ամենակարեւորը համարում է այն, որ «Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածից հետո մեր ժամանակակից իրականության մեջ ներկայացվել է երկու հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման նոր հայեցակարգ, որը իր մի շարք սկզբունքներով լիովին հակադրվում է նախորդ հայեցակարգին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG