Մատչելիության հղումներ

Լրագրողական կազմակերպությունները մասնագիտական համերաշխության կոչ են անում


Հայաստանյան մի շարք լրագրողական կազմակերպություններ երեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով` բողոքելով ապրիլի 5-ին լրագրողներին բռնություն ենթարկած անձանց նկատմամբ «ֆարսի վերածված» դատավարության եւ դատարանի կայացրած մեղմ վճռի դեմ, իշխանություններից պահանջում են «հարգել լրագրողների իրավունքները», իսկ լրագրողներին համերաշխության եւ միասնության կոչ են անում:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հունիսի 10-ի դատավճռով «Ազգային միաբանություն» կուսակցության ապրիլի 5-ի հանրահավաքի ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած «Արտաշատի Հրո» մականունով Հրայր Հարությունյանի եւ «Բանգլադեշի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանի նկատմամբ պատժաչափ է սահմանել ընդամենը նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով տուգանքը:

«Ոչ նախաքննության մարմինը, ոչ դատարանը ցանկության անգամ չդրսեւորեցին պաշտպանելու տեղեկություններ հավաքելու եւ տարածելու լրագրողների իրավունքը, էլ չենք ասում, որ նշանակված պատիժը համարժեք չէր արարքին», - ասված է Երեւանի մամուլի ակումբի, Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության եւ Խոսքի ազատություն պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ: - «Առայսօր միջոցներ չեն կիրառվել այն ոստիկանների նկատմամբ, ովքեր ապրիլի 5-ին քայլեր չձեռնարկեցին լրագրողներին քաշքշող ու տեխնիկան ջարդող անձանց դեմ»:

Հայտարարության հեղինակները արձանագրում են, որ չեն բացահայտվել ու պատժվել Բաղրամյան պողոտայում ապրիլի լույս 13-ի գիշերը լրագրողներին ծեծի ենթարկած ոստիկանները:

«Մենք կրկին պահանջում ենք հարգել տեղեկություններ ստանալու հասարակության եւ տեղեկություններ տարածելու լրագրողների իրավունքները ու կանխել դրանց նկատմամբ ոտնձգության ցանկացած փորձ», - ասված է հայտարարությունում: - «Մենք կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին եւ լրագրողներին՝ ավելի հետեւողական ու համախմբված լինել, երբ խոսքը վերաբերում է մասնագիտական համերաշխությանը, երբ ոտնահարվում է ազատորեն տեղեկություններ հավաքելու եւ տարածելու իրավունքը»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG