Մատչելիության հղումներ

Հայաստանի հարցով զեկույցի քննարկումը ԵԽ ԽՎ-ում կարող է հետաձգվել


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի փոխանցմամբ, Հայաստանի հարցով զեկույցի քննարկումը, որ նախապես ծրագրված է Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, կարող է տեղափոխվել վեհաժողովի հունվարյան լիագումար նիստ՝ եթե Հայաստանում արտառոց որեւէ բան տեղի չունենա մինչեւ հոկտեմբեր:

Առանց հստակեցնելու, թե ով է նման գաղափար հնչեցրել, Թորոսյանը երկուշաբթի օրը հրավիրած ասուլիում ասաց, որ հարցի քննարկումը հետաձգելու գաղափարը «վեհաժողովի ղեկավարության կողմից լավ ընկալվեց»: Դա նաեւ կհամընկնի նախատեսված մյուս քննարկմանը Հայաստանի հարցով՝ Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ:

«Եթե իսկապես որեւէ արտառոց բան առաջիկայում Հայաստանում չկատարվի, ես կարծում եմ, սա ամենահավանական շարունակությունը կլինի իրադարձությունների եւ զեկույցի քննարկման հետ կապված», - ավելացրեց Թորոսյանը:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի հարցով բանաձեւեր էր ընդունել անցած հունվարին եւ ապրիլին՝ կապված արդեն ներքաղաքական կոնկրետ իրադարձությունների հետ: Վերջին հարցով զեկուցող Եժի Յասկերնյան, ամեն դեպքում, մինչեւ հոկտեմբեր պատրաստելու է իր գրավոր զեկույցը, որի նախնական բանավոր տարբերակը նախորդ երեքշաբթի արդեն ներկայացրել էր մոնիթորինգի հանձնաժողովում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG