Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանի դիվանագիտական մանդատը հարցականի տակ է


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի՝ վերջերս անկացրած եւ ուրբաթ օրը հրապարակված հարցախույզի 1950 մասնակիցներից ընդամենը 2,5 տոկոսն է կարծում, որ Արցախի ճակատագիրը վերջնականապես լուծելու իրավունք ունեն Հայաստանի իշխանությունները, եւ մոտ 5 տոկոսի կարծիքով՝ նման իրավունք ունեն ԼՂՀ իշխանությունները:

Կենտրոնի հիմնադիր եւ ղեկավար, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք նման արդյունքը խոսում է հատկապես Հայաստանի իշխանությունների թույլ մանդատի մասին, պատասխանեց. - «Հայաստանի իշխանության դիվանագիտական, արտաքին քաղաքական օրակարգի մանդատը իսկապես հարցականի տակ է, [ինչը] անմիջականորեն կապ ունի անցած տարվա ընտրությունների հետ: Նման մանդատը կարող է միայն ու միայն վատ ազդեցություն ունենալ առաջիկա գործընթացների վրա»:

Հովհաննիսյանի խոսքերով, սակայն, ամեն բան պայմանավորված է ոչ միայն այդ իշխանական մանդատով: «Ամեն բան կախված է նրանից, որ մեր ողջ հանրությունը՝ իշխանական կուսակցությունները, ընդդիմության տարբեր շրջանակները եւ հասարակությունը իրենք կարողանան տեր կանգնել այդ իրավունքներին եւ միասնությանը», - ասաց նա՝ շարունակելով. - «Լավատես չեմ, որովհետեւ վերջին շրջանը թույլ է տալիս եզրահանգելու, որ տակավին հասարակայնորեն եւ քաղաքական մակարդակի վրա մենք խոսում ենք առավել հռետորական, վիրավորական, հատվածապաշտ եղանակով»:

Կենտրոնի հարցմամբ ընդգրկված քաղաքացիների 86 տոկոսը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման կողմնակից է, 14 տոկոսը՝ պատերազմի:

Հայաստանի տարբեր մարզերում եւ մայրաքաղաքում անցկացված այս հարցախույզին զուգահեռ Կենտրոնի մասնագետները Ղարաբաղյան խնդրի կարգավորման թեմայով հարցախույզ են անցկացրել նաեւ 50 փորձագետների շրջանում:

Բնակչության շրջանում անցկացված հարցախույզի մասնակիցների մոտ 60 տոկոսը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը տեսնում է Հայաստանի կազմում, մոտ 41 տոկոսը՝ անկախ, եւ մոտ 1 տոկոսը՝ Ադրբեջանի կազմում: Փորձագետների մեջ 10 տոկոսն է Ադրբեջանի կազմում տեսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Հանուն ինչի՞ կարող են Հայաստանը եւ Արցախը ազատագրված տարածքների հաշվին զիջումներ անել Ադրբեջանին». այստեղ բնակչության շրջանում անցկացված հարցախույզի մասնակիցների մոտ 41 տոկոսը դա հնարավոր է համարում միայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանին միանալը ճանաչելու դիմաց, 14 տոկոսը՝ խաղաղության պայմանագրի դիմաց: Իսկ 32 տոկոսի կարծիքով, ազատագրված տարածքները սակարկության առարկա չեն:

Բնակչության եւ փորձագետների կարծիքն էականորեն տարբերվում է հետեւյալ հարցում. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ու՞մ շահերն են առավել հաճախ համընկնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերի հետ»: Հարցված քաղաքացիների մոտ 30 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանի շահերը, մոտ 3 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-֊ի: Հարցված փորձագետների շրջանում, մինչդեռ, պատկերը գրեթե հակառակն է, 18 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ֊-ի, 10 տոկոսը՝ Ռուսաստանի:

Կենտրոնի քաղաքական եւ իրավական հարցերով փորձագետ Ստեփան Սաֆարյանը դա բացատրեց նրանով, որ բնակչության եւ փորձագետների տեղեկատվության մշտական աղբյուրներն են տարբեր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG