Մատչելիության հղումներ

Կասեցվել է Աշոտ Մանուչարյանին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործը


Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուն պես Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ոստիկանության քննչական խմբի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անցած ապրիլին Աշոտ Մանուչարյանի դեմ կատարված բռնության փաստով հարուցված քրեական գործի վարույթը:

Տեղեկությունը տարածած Հայաստանի ոստիկանության լրատվական բաժնի պետ Սայաթ Շիրինյանը, ինչպես նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ոստիկանության քննչական բաժնի պետ Արտավազդ Ղազարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ այս գործով վարույթը կասեցվել է քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով, որով նախատեսվում է վարույթի կասեցում՝ եթե չեն հայտնաբերվել հանցագործությունը կատարած անձը կամ անձինք: Գործի քննությունը, այդուհանդերձ, կարող է շարունակվել՝ եթե ի հայտ գան նոր օպերատիվ տվյալներ:

Հայ մտավորականների ֆորումի նախաձեռնողներից քաղաքական գործիչ, նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը դաժան ծեծի էր ենթարկվել ապրիլի 22-ին, տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ենթարկվել էր վիրահատության:

Աշոտ Մանուչարյանը ցայսօր չի հանդիպել լրատվամիջոցերի ներկայացուցիչների հետ: Սկզբում պատճառաբանվում էր, թե Մանուչարյանը վատառողջ է, հետո՝ թե նախաքննությունը դեռեւս չի ավարտվել: Նրա հետ զրուցել չհաջողվեց նաեւ այսօր:

Մանուչարյանի լիազոր ներկայացուցիչ, խորհրդային տարիներին Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Էդուարդ Սիմոնյանցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թերահավատորեն արտահայտվեց գործի վարույթը կասեցնելու հիմքերի կապակցությամբ:

Սիմոնյանցի մեկնաբանությամբ, հանցագործներին չհայտնաբերելու հանգամանքը գործը կասեցնելու հիմք չի կարող լինել: Ընդունելով, որ նախադեպեր եղել են, Էդուարդ Սիմոնյանցը ասաց, թե Հայաստանում առաջին դեպքն է, երբ երկու ամիս առաջ կատարված հանցագործության փաստով հարուցված քրեական գործը կասեցվել է»:

«Այստեղ երեւի ուրիշ պատճառներ գոյություն ունեն», - ավելացրեց Սիմոնյանցը: - «Ես համոզված եմ, որ նախօրոք իշխանությունները շահագրգռված չեն, որ այդ հանցագործությունը բացահայտվի»:


Կարինել Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG