Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանին ու Ադրբեջանին 2005 թվականին հատկացվելիք ռազմական օգնությունը համաչափ կլինի


Հինգշաբթի երեկոյան Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին օժանդակության ենթահանձնաժողովը որոշել է հավասարեցնել 2005 թվականին Հայաստանին եւ Ադրբեջանին տրվելիք ռազմական օժանդակությունը: Հայաստանը եւ Ադրբեջանը 2005 թվականին կստանան 5-ական միլիոն դոլարի օժանդակություն եւ եւս 750 հազարական դոլարի օժանդակություն՝ ռազմական կրթության բնագավառում:

Ենթահանձնաժողովը արձանագրել է, որ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օժանդակության հատկացումը պետք է հիմնված լինի հավասարության սկզբունքի վրա՝ հակառակ Բուշի վարչակազմի ծրագրերի, որ նախատեսում էին նախորդ տարվա պես Ադրբեջանին հատկացվել 6 միլիոն դոլարով ավելի ռազմական օժանդակություն:

«Անցյալ տարի օրենքը փոքր-ինչ ի շահ Ադրբեջանի էր՝ 8 միլիոն Ադրբեջանը ստացավ, եւ Հայաստանը՝ 2 միլիոն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի Լոս Անջելեսի գրասենյակի պատասխանատու Լենա Կաիմյանը: - «Այս տարի երեկվա փոփոխությամբ հավասարակշռություն պիտի լինի: Անցյալ տարի մեր ընկերներն էլ Կոնգրեսում չգիտեին եւ անակնկալ եղավ: Այս տարի մենք նախօրոք իմացանք, որ այդպիսի շարժում պիտի լինի եւ մենք սկզբից եւեթ լոբբի արեցինք»:

Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալական խոսքեր է հղում հատկապես Ներկայացուցիչների տան Հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի նախագահ Ջո Նոլլենբերգին՝ այս հարցում իրականացրած կարեւոր դերակատարության համար:

Օրենք դառնալու համար որոշումը պետք է քննարկվի Ներկայացուցիչների տան հանձնաժողովում, այնուհետեւ հաստատվի Ներկայացուցիչների տան եւ Սենատի կողմից: Լենա Կաիմյանը լիահույս է, որ ենթահանձնաժողովի որոշումը նույն տեսքով կդառնա օրենք:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG